12/31/2025

«Այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում». Հունան Պողոսյան

«Այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում». Հունան Պողոսյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: Փաշինյանը նշեց, որ եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը ողնաշարն է:

Լսելով հանդիպմանը ներկա համայնքների ներկայացուցիչներին, Փաշինյանն ուրախությամբ փաստեց, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք խնդիրներ իրենց լուծումն են ստացել:

«Մեր վերջին հանդիպմանը մենք մի քանի հարցեր ենք քննարկել: Պետք է նշեմ, որ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար: Ֆինանսավորումն արդեն առկա է ամբողջությամբ»,- նշեց նա:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը բարձր վստահության համար: «Ես ասել եմ և այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը: Մնացածն արդեն կյանքը ցույց կտա»,- ասաց Պողոսյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեց այն ընթացիկ ծրագրերը, որոնք առաջիկայում իրականացվել, կամ իրականացվելու են մարզում:

Պապիկյանը նշեց, որ միայն Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար կառավարության կողմից հատկացվել է 253 միլիոն դրամ գումար:

«Նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ ավարտական փուլում են, մնացել են փաստաթղթավորման խնդիրները: Կապանի կամուրջի հիմնանորոգման համար 24 միլիոն դրամ է հատկացվել»,- ընդգծեց նախարարը:

Նա շեշտեց, որ ֆինանսավորման հիմնական շեշտը դրվել էր Կապան խոշորացված համայնքի վրա, քանի որ մնացած բազմաբնակավայր համայնքներն հիմնականում իրենց տարածքներում ունեն հանքավայրեր, որոնք փոքրիշատե օգնում են համայնքներին:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: