12/31/2025

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը այցելել է ԱՄՆ և Գերմանիա

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը այցելել է ԱՄՆ և Գերմանիա

Հոկտեմբերի 15-19-ը ԱՄՆ և Գերմանիա աշխատանքային այցեր է կատարել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի կողմից: Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կարևորել է միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման գործում տեղեկատվության և հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման նշանակությունը, առաջարկել դիտարկել համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ձևավորման հնարավորությունը:

Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում հոկտեմբերի 17-19-ը անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին, որը հյուրընկալվել էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի կողմից:

Հանդիպումը նվիրված էր միջազգային արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելիս գործընկերության ամրապնդման և փոխգործունակության զարգացման ուղիների և միջոցների շուրջ մտքերի փոխանակմանը, ասված է հաղորդագրությունում:

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: