12/31/2025

Կապանում ընտրությունները նորմալ են անցնում. թեկնածուներից երկուսը ոչ մի ահազանգ չեն ստացել

Կապանում ընտրությունները նորմալ են անցնում. թեկնածուներից երկուսը ոչ մի ահազանգ չեն ստացել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում համայնքապետի արտահերթ ընտրություններին ինքնաառաջադրած անկուսակցական թեկնածուները՝ Փաստաբանների պալատի անդամ, իրավաբան Էդգար Հովհաննիսյանը, գործարար Գևորգ Փարսյանը Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ այս պահին Կապանում խախտումների հետ կապված ահազանգեր չունեն:

Գևորգ Փարսյանը նշեց, որ ընտրություններն ընթանում են շատ նորմալ, ոչ մի ահազանգ չի եղել, իսկ իր շանսերն ինքը բարձր է գնահատում:

«Ընթացքը նորմալ է, բողոք չկա, ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ կարծես ակտիվ մասնակցում են: Քարոզարշավն էլ նորմալ ընթացել է»,- ասաց նա:

Անդրադառնալով Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուն և հարցին, թե խնդիր չի՞ տեսնում, որ նա նախկին իշխանության ժամանակ փոխոստիկանապետ է եղել, թեկնածուն ասաց. «Դա կախված է նրանից, թե հետագայում նա ինչպես իրեն կդրսևորի»:

Գևորգ Փարսյանը նշեց, որ Կապանում խնդիրներ շատ կան, մերձակա գյուղերում հիմնականում խնդիրները կապված են ճանապարհների և ջրագծերի հետ, իսկ քաղաքում հիմնականում քաղաքաշինական խնդիրեր են՝ տանիքներ, վերելակներ:

Էդգար Հովհաննիսյանը ևս նշեց, որ այս պահի դրությամբ կարծես թե ամեն ինչ նորմալ է ընթանում. որևէ ահազանգ ինքը և իր շտաբը չեն ստացել: «Կապանում առաջնային խնդիրներ շատ կան, բայց նախևառաջ պետք է փոխվի համայնքի կառավարման տրամաբանությունը, ամեն ինչ գալիս է համայնքի ճիշտ կառավարումից»-ասաց նա և նշեց, որ քաղաքացիների կողմից ակտիվությունը ավելի շատ օրվա կեսերին է սպասում:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությանը իրենց թեկնածու Նարեկ Բաբայանին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ վարչապետի ներկայությունը Կապանում որոշակի ազդեցություն թողել է և որոշակի առավելություն է ապահովում իրենց  թեկնածուին:

«Իսկ վարչական ռեսուրսի առումով, իհարկե, շշուկներ, խոսակցություններ կային, բայց քանի որ հիմա իմ ձեռքի տակ որևէ փաստ չկա, ես չեմ ուզում որևէ բան ասել այդ մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Հունան Պողոսյանի՝ մարզպետ նշանակմանը և Սյունիքում վախի մթնոլորտ տիրելուն՝ Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ չափազանցված են Սյունիքում, Կապանում վախի մթնոլորտի խոսակցությունները:

«Մարզպետի լիազորությունները, պաշտոնը մի փոքր տարբերվում են այն խնդիրներից, որոնք վարչապետը վերջին հանրահավաքին նշեց, և կարծում եմ, որ դրանք ավելի շատ իրավապահ մարմինների դաշտում են, և մարզպետն այդտեղ որևէ դերակատարություն չունի, հակառակ դեպքում ցանկացած դերակատարություն կարող է գնահատվել որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում»,- ասաց նա:

Թեկնածուն նշեց, որ Սյունիքում կրիմինալ միջավայրը սուր ընդգծված չէ և չի տարբերվում Հայաստանի այլ մարզերից, ընդհակառակը` իր գնահատմամբ այնտեղ իրավիճակն ավելի հանգիստ է: «Վախի մթնոլորտ ասվածը կարծես դարձել է հերթապահ հայտարարություն, և ես այստեղ նման բան չեմ տեսնում, վախեցողը միշտ էլ վախենում է՝ անկախ նրանից, թե ինչպիսի մթնոլորտ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կապանում քաղաքապետի թեկնածություն է առաջադրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը:

Լիանա Առաքելյան

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: