05/28/2022

Չտրված հարցեր՝ ուղղված վարչապետին

Չտրված հարցեր՝ ուղղված վարչապետին

2018թ. հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Կապանում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում կազմակերպվեց հանդիպում մարզի համայնքների ղեկավարների, պետական հաստատությունների տնօրենների եւ մարզպետարանի աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվեցին մարզային կյանքի մի շարք հիմնախնդիրներ: Ցավոք, հանդիպումը ժամանակային առումով սահմանափակ էր, եւ հնարավորություն չեղավ առիթն օգտագործել ու վարչապետին մի քանի մտահոգիչ հարցեր ուղղել: Ուստի որոշեցի իմ մտահոգությունները ներկայացնել «Սյունյաց երկիր» թերթի էջերում՝ ակնկալելով շահագրգիռ քննարկում:

Մտահոգություն 1

Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման օրվանից իրավացիորեն կարեւորվել են արդյունավետ, ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի ստեղծումն ու կայացումը: Այդ նշանաբանով ավելի քան երկու տասնամյակ կրթական համակարգում անընդհատ իրականացվել եւ իրականացվում են բազմաթիվ՝ բավականին հնչեղ վերնագրերով բարեփոխումներ, որոնք, ըստ հեղինակների հավաստիացումների, պետք է ստեղծեին գրեթե կատարյալ կրթական համակարգ: Սակայն բարեփոխումների հեղինակները կարծես թե մոռացան, որ բարեփոխումների անմիջական կատարողները ոչ թե տարատեսակ հասարակական կազմակերպություններն ու օտարերկրյա ներդրողներն են, այլ առաջին հերթին ուսուցիչը, մանկավարժը, եւ ցանկալի արդյունքի ստացումը մեծապես կախված է նրանից, թե որքանո՞վ են նպաստավոր պայմաններ ստեղծվել ուսուցչի ստեղծագործ աշխատանքի եւ ինքնակատարելագործման համար: Իսկ գործնականում իրագործվեց լրիվ հակառակը. «երեխաների շահերի պաշտպանության», «համընդհանուր ներառականության» եւ «առավելագույն թափանցիկության» դրոշի ներքո ուսուցչին սկսեցին անընդհատ ծանրաբեռնել լրացուցիչ թղթարարությամբ եւ մեխանիկական աշխատանքով՝ զուգահեռաբար նվազեցնելով ստեղծագործ աշխատանքի հնարավորությունները:  Ի հավելումն վերոհիշյալի ասենք նաեւ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ չի ավելանում ուսուցչի աշխատավարձը, իսկ իրական եկամուտները միայն նվազում են, ինչը վերջնականապես ուսուցչի աշխատանքը դպրոցում դարձրեց ոչ գրավիչ եւ ոչ պատվաբեր: Արդյունքում մենք ունենում ենք որակյալ կադրերի (հատկապես՝ բնագիտական առարկաների մասնագետների) արտահոսք հանրակրթական ուսումնական հաստատություններից, ինչը, միանշանակ, հանգեցնում է կրթության որակի անկմանը: Պատկերն ավելի մտահոգիչ է դառնում, երբ կրթական քաղաքականություն մշակելիս վճռորոշ դեր են  սկսել խաղալ ոչ թե կրթության մասնագետները, այլ տարատեսակ հասարակական կազմակերպությունները, որոնցից շատերն ունեն օտարերկրյա ֆինանսավորում: Եվ միամտություն կլիներ կարծել, որ անողոք մրցակցության մեր դարաշրջանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող որեւէ կազմակերպություն շահագրգռված կլինի Հայաստանի գիտական ներուժի հզորացմամբ: Ուստի համոզված ենք, որ հետայսու պետության կրթական քաղաքականությունը պետք է վարվի՝ ուշադրության կենտրոնում պահելով այդ քաղաքականության հիմնական իրագործողին՝ ուսուցչին, եւ միայն ու միայն այդ դեպքում այն կծառայի ազգային շահին:

Մտահոգություն 2

Ապրիլյան հեղափոխությունից հետո կասկածելի սինխրոնությամբ Հայաստանում կտրուկ ակտիվացան Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկողները՝ ի դեմս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման, եւ համասեռամոլություն քարոզող կազմակերպությունները: Ցավով պետք է նշեմ, որ դրան նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ նրանց նկատմամբ ցուցաբերվեց բավականին լոյալ, եթե չասենք խրախուսական վերաբերմունք: Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ եկեղեցաքանդ շարժման կազմակերպիչներից մեկին ԲՈՒՀ-ի ռեկտոր նշանակելը կամ ամենաբարձր մակարդակով Էլթոն Ջոնի ընդունելությունը, ով չէր թաքցնում, որ իր այցն ունի ոչ այնքան բարեգործական, որքան համասեռամոլություն քարոզող կազմակերպություններին նյութական եւ բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակ: Հետեւանքներն իրենց երկար սպասել չտվեցին. ծայրահեղ անհարգալից վերաբերմունք Ամենայն հայոց հայրապետի նկատմամբ, կոչեր որոշ «մտավորականների» կողմից հանրակրթական դպրոցի ուսումնական պլանից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին, Շուռնուխի ամոթալի դեպքերը, երբ մեկ տասնյակից ավելի «իրավապաշտպան» կազմակերպություններ, արեւմտյան դեսպանատներ եւ սփյուռքի որոշ ներկայացուցիչներ իրենց «խորը վրդովմունքն» էին հայտնում մի քանի համասեռամոլի իրավունքների ոտնահարման կապակցությամբ՝ բառ անգամ չասելով բացարձակ մեծամասնություն կազմող բուն շուռնուխցու իրավունքների մասին: Այսքանն էլ քիչ էր, ս/թ նոյեմբերի 15-18-ը Երեւանում պլանավորված է կազմակերպել (մեղա Քեզ, Տեր) «ԼԳԲՏ-քրիստոնյաների» համաժողով: Մի՞թե սա պատիվ է բերելու մեր 2800-ամյա մայրաքաղաքին: Եվ վերջապես, արդյո՞ք այս ամենը պատահական է: Վստահ եմ, որ՝ ոչ, եւ ընթացող պրոցեսներն ավելի խորքային դրդապատճառներ ունեն: Ուղղակի չմոռանանք Մարկ Ավրելիուսին, ով պնդում էր, թե յուրաքանչյուր երկիր անաղմուկ կործանելու համար ընդամենը պետք է անբարոյականություն սերմանել երիտասարդության մեջ: 

Մտահոգություն 3

Ապրիլյան հեղափոխությունն իր հետ բերեց մի շարք, ըստ իս՝ շատ վտանգավոր տերմիններ. «հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ», «սեւեր եւ սպիտակներ», «հներ եւ նորեր», «սաբոտաժ» եւ այլն: Փաստենք, որ այս ամենն անխուսափելիորեն հանգեցնում է հասարակության պառակտմանը, ինչը հայ ազգի համար հավասարազոր է ինքնասպանության: Ուրախալի է, որ վերջերս վարչապետի կողմից բարիկադները քանդելու կոչ հնչեց, եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվեցին, սակայն ակնհայտ է, որ դեռ շատ հեռու ենք ազգային համերաշխությունից: Իմ խորին համոզմամբ՝ «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն» իրականացնելիս մենք պետք է առաջնորդվենք սիրո եւ հանդուրժողականության քրիստոնեական չափանիշներով՝ անհանդուրժող լինելով հասարակության բարոյական հիմքերը խարխլող  յուրաքանչյուր մեղսածին երեւույթի նկատմամբ լինի դա այլասերվածություն ծնող ցանկասիրություն, կոռուպցիա ծնող նյութապաշտություն, թե բռնություն ծնող փառասիրություն, եւ միայն այդ դեպքում կխուսափենք ճակատագրական սխալներ թույլ տալուց:

Եվ ուրեմն՝ Աստված պահապան բոլորիս:

Խաչատուր Բադալյան

Վերին Խոտանանի միջն. դպրոցի տնօրեն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: