12/31/2025

Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվի առնելով նաև իր լրագրողական երկարամյա գործունեությունը՝ այս հարցն իր համար ունի սկզբունքային նշանակություն: Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է մամուլի ազատ գործունեությունը, ինչին իր պաշտոնավարման ընթացքում երբևէ որևէ վտանգ չի սպառնա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործադիրի բարեփոխումները միտված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խոսքի ազատության ապահովմանը:

Հարլեմ Դեզիրը բարձր է գնահատել մամուլի ազատության աստիճանը Հայաստանում և ողջունել այդ ուղղությամբ կառավարության գործունեությունն ու քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ տեղի են ունենում մեծ փոփոխություններ և ԵԱՀԿ-ն կարևորում է մամուլի և խոսքի ազատության պաշտպանության ուղղությամբ մեր երկրում առկա մթնոլորտն ու գործելաոճը: Հարլեմ Դեզիրն ընդգծել է պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկության հետևողական բարձրացման ուղղությամբ համապատասխան բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և ողջունել կառավարության նիստերն ու տեղի ունեցող քննարկումներն ուղիղ հեռարձակումների միջոցով ԶԼՄ-ներին և ընդհանրապես հանրությանը ներկայացնելու քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունից:  Երկրում մամուլի անկախության ապահովման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Զանգվածային լրատվական միջոցներին միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր մեխանիզմներով օժանդակության ցուցաբերումն ու այդ ուղղությամբ ծրագրերի ընդլայնումը:  

Հարլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

armenpress.am

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: