12/31/2025

Ֆինանսական հավելյալ միջոցներ են ուղղվել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանն ու երեխաների բուժօգնությանը

Ֆինանսական հավելյալ միջոցներ են ուղղվել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանն ու երեխաների բուժօգնությանը

Առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով բյուջետային ծրագրերի որոշ թերակատարումներ և գերակատարումներ, այս տարվա համար իրականացրել է պետական միջոցների վերաբաշխումներ` այսպիսով հավելյալ միջոցներ ուղղելով բնակչության համար առավել կարևոր ու անհրաժեշտ ուղղությունների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնավորապես, սրտի վիրահատությունների համար լրացուցիչ ուղղվել է ևս 416,3մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայություններին` 200մլն դրամ, երեխաների բժշկական օգնությանը` 574,8մլն դրամ, շտապօգնությանը` 120մլն դրամ և այլն:

Ներծրագրային վերաբաշխումների ընթացքում առաջնահերթություն է համարվել մարզային կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալների փոխհատուցումը:

Պետպատվերով հատկացված միջոցների սղության պատճառով մարզերից մայրաքաղաք հիվանդների հոսքը կրճատելու և քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ու ծախսերից զերծ պահելու նպատակով բյուջեի միջոցների վերաբաշխում կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում մարզերային կազմակերպություններին ֆինանսների հատկացմանը, դրանց առավել արդյունավետ ու թիրախային ծախսմանը:

Առաջին անգամ վերաբաշխումների ընթացքում կիրառվել է նաև  տարածաշրջանային համահարթեցման մոտեցումը` հաշվի առնելով նաև տվյալ բնակավայրի շահառուների քանակը, ինչը հնարավորություն է տալիս մարզերում գործող կազմակերպություններում իրականացնել նաև հերթագրված հիվանդների սպասարկում:

Օրինակ, Լոռու մարզում ակնաբուժական ծառայություն ունի միայն Սպիտակի հիվանդանոցը, որտեղ աչքի կատարակտայի վիրահատության համար հերթագրված է շուրջ 250 հիվանդ: Հերթերում սպասելու անհարմարություններին վերջ դնելու ու ակնաբուժական խնդիրներին շուտափույթ լուծում տալու նպատակով վերաբաշխման միջոցով հավելյալ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի բոլոր հերթագրվածները  կարողանան մինչև այս տարեվերջ ստանալ անվճար վիրահատություն:

Այս մեխանիզմների կիրառմամբ`  մարզային կազմակերպությունների 2018 թվական պայմանագրային գումարներին ավելացվել է 804,8մլն դրամ:

Վերաբաշխումների արդյունքում բոլոր կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների գծով առկա պայմանագրային գումարների գերակատարումները հիմնականում հատուցվել են: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պետպատվերով հատկացված գումարները սպառվել են, սակայն տվյալ բուժհաստատությունը փաստացի մատուցել է պետպատվերով ծառայություն:

2018թ. պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 81,2 մլրդ ծախսային միջոց: Եկող տարի սպասվող բյուջետային ավելացումներն ուղղվելու են գերակա նպատակների` բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայություններին նոր որակ, մակարդակ հաղորդելու և առաջնահերթ խնդիրներին նոր լուծումներ տալու հստակ նպատակադրմամբ:  

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: