12/31/2025

Պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ներկայացված նախագծին

Պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ներկայացված նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն ներկայացրել է «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նախագծով առաջարկվում է օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի անվտանգությունը:

«Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,-ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ կարծիք հայտնել, որ ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել: «Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է, և եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա և նշեց, որ իրավիճակները պետք չէ մեկնաբանել այլ կերպ, քան  դրանք կան:

«Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ, և եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել. դրա համար օրենքի անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել ևս, օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է, և ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանականության մեջ»,- ասաց նա:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: