12/31/2025

Չինացի գործարարները Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն են հայտնել

Չինացի գործարարները Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի Ծիանգսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորած գործարարների պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Չինացի գործարարները հայտնել են, որ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում և մասնավորապես հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներով։ Հանդիպման ընթացքում ներդրողների հետ քննարկվել են նաև դեպի Չինաստան հայկական ոգելից և հանքային խմիչքների արտահանման հնարավորությունները։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներին և քննարկումներին կհետևեն շոշափելի արդյունքներ: Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի ներդրումային նախաձեռնություններին անհրաժեշտ բոլոր փուլերում։ Չինացի գործարարների առաջարկով Տիգրան Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ներուժը և հնարավորությունները։ Նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով գործարարներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր։

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: