08/09/2022

Գորիս համայնքի ավագանու անդամների հայտարարությունը

Գորիս համայնքի ավագանու անդամների հայտարարությունը

Հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքային կայքերից մեկը տարածել է հոդված՝ «Աղմկահարույց միջադեպ Գորիսի համայնքապետարանում. քաղաքապետ Առուշանյանը ծեծե՞լ է ավագանու անդամին» վերտառությամբ:

Ըստ այդ հրապարակման՝ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել է ավագանու անդամ Լյովա Արզանյանին: Եվ իբր միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես  եւ համայնքում վաճառված հողերի շուրջ:

Մենք՝ ավագանու անդամներս, որ մասնակից ենք եղել ավագանու հոկտեմբերի 18-ի նիստին, հայտարարում ենք՝ լրատվամիջոցի այդ հրապարակումն ամբողջապես ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, այն միտված է Գորիսի համայնքապետի եւ համայնքի ավագանու վարկաբեկմանը, որը դատապարտում ենք եւ անթույլատրելի համարում:

Փա՜ռք Աստծո, Գորիս համայնքի ավագանին ունի այնքան հեղինակություն, արժանապատվության այնպիսի զգացում, պատասխանատվության այնպիսի գիտակցում, որ որեւէ մեկը չի հանդգնի ձեռք բարձրացնել ավագանու անդամի վրա, որ թույլ չի տա ավագանու անդամի եւ համայնքապետի միջեւ աշխատանքային բանավեճն անցնի պատշաճության  սահմանները:

Գորիս համայնքի ավագանու նիստերը սովորաբար անցնում են օրակարգային հարցերի ակտիվ քննարկման, կարծիքների ազատ փոխանակման, սկզբունքների  քաղաքակիրթ  բախման պայմաններում:

Հոկտեմբերի 18-ի նիստը նույնպես անցել է նման մթնոլորտում:

Համայնքի մեջ միավորված բնակավայրերում այնքան շատ են հիմնախնդիրները, որոնք, բնականաբար, ավագանու անդամների ուշադրությունից չեն վրիպում եւ շահագրգիռ քննարկումնների տեղիք են տալիս, ինչը դրվատելի է, այլապես անհնարին կլինի համայնքի առջեւ ծառացած խնդիրների  փոքրիշատե  լուծումը:

Եվ Ներքին Խնձորեսկի, նաեւ համայնքի մյուս բնակավայրերի խնդիրները բոլորիս հոգսն են:

Զրպարտություն է ոչ միայն ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը, այլեւ պնդումը, թե իբր վեճի պատճառ են եղել (Ներքին Խնձորեսկի հիմնախնդիրներից զատ) Գորիս համայնքում վաճառված հողերը, ինչպես եւ այդ հողերը համայնքապետի մտերիմներին վաճառելու հանգամանքը:

Մենք չունենք որեւէ փաստ, որ համայնքապետն իր բարեկամներին հող է վաճառել: Չունենք օրինակ, որ համայնքի հողերի տնօրինման հարցում համայնքապետը շրջանցել է գործող օրենսդրությունը եւ կամայականություն  դրսեւորել:

Ընդհակառակը՝ ե՛ւ համայնքապետը, ե՛ւ ավագանին շահագրգռված են, որ համայնքի չօգտագործվող հողերն ի վերջո օգտագործվեն համայնքի բնակիչների կողմից:

Եվ այդ միտումով քանիցս կոչ ենք հղել բնակչությանը:

Ահա իրականությունը, որ հարկ համարեցինք ներկայացնել հանրությանը՝ իբրեւ արձագանք հորինված ու ստահոդ  հրապարակման:

Եվ, օգտվելով առիթից, հորդորում ենք Գորիս համայնքով հետաքրքրված անձանց՝ ոչ մի դեպքում չգնալ ապատեղեկատվության տարածման եւ համայնքի միասնության վերականգմանը միտված ջանքերին խոչընդոտելու ճանապարհով:

Նարեկ Օրդյան

Արմեն  Մկրտչյան

Էրիկ Աղաջանյան

Մհեր Արզումանյան

Դավիթ Դոլունց

Սամվել Մաքունց

Մասիս Ղեւոնդյան

Ոսկան Ոսկանյան

Գուրգեն Հակոբյան

Կարեն Լազարյան

Արարատ Աղաբեկյան

 

 

27 հոկտեմբերի 2018թ.

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: