07/07/2022

Արտուշ Ղուկասյան. «Ա՜յ քեզ արդարադատություն...»

Արտուշ Ղուկասյան. «Ա՜յ քեզ արդարադատություն...»

Վերջին ամիսներին Գորիսի պետական համալսարանի ղեկավարության եւ կրթօջախի մի քանի աշխատակիցների միջեւ ծագած աշխատանքային տարաձայնություններն իրավապահ մարմինների տիրույթում էին ու քննության էին առնվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի եւ Սիսիանի նստավայրերում:

Հաշվի առնելով հանրության մի մասի  հետաքրքրվածությունը  համալսարանական գործընթացներով եւ մամուլում տարածված ոչ ամբողջական, կցկտուր, հաճախ՝ միակողմանի տեղեկությունները համալսարանի նախկին աշխատակից Համլետ Հովսեփյանի հայցապահանջի հիմքով ձգձգված դատական գործընթացի (դատավոր՝ Մ. Հովակիմյան) եւ, ի վերջո, ս.թ. հոկտեմբերի 8-ին դատարանի կայացրած վճռի հանդեպ, «Սյունյաց երկիր»-ը զրուցեց ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի հետ՝ փորձելով պարզել նրա վերաբերմունքը դատարանի վճռի հանդեպ:

-Դատարանի վճիռն օբյեկտիվ չի կարելի համարել: Եվ կասեմ՝ ինչու: Քննելով Համլետ Հովսեփյանի հայցը` ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասով անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու), նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի եւ դրամական հատուցման գումարների բռնագանձման պահաջների մասին, դատարանը վճռել է՝ հայցը բավարարել մասնակի. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի՝ Համլետ Հովսեփյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով լուծելու մասին 2018թ. մարտի 6-ի թիվ ԿԲ 61 ա հրամանը ճանաչել անվավեր, Հ. Հովսեփյանի` նախկին հիմնական աշխատանքում վերականգնելու եւ աշխատանքային նոր պայմանագիր կնքելու պահանջը մերժել: Այսքանով հանդերձ՝ դատարանը պարտավորեցրել է համալսարանին` հօգուտ Հ. Հովսեփյանի ֆինանսական  պարտավորություններ կատարել, փոխհատուցումներ անել:

Վճիռը, միանշանակ, սուբյեկտիվ է եւ անընդունելի, ինչը սահմանված կարգով կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

- Ի՞նչ հիմնավորումներով է դատարանը նման վճիռ կայացրել:

-Կայացված վճռվի համար դատարանը հիմք է ընդունել հետեւյալը` «Հաշվի առնելով, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Զարեհ Գրիգորյանին, Համլետ Հովսեփյանին, Մարգարիտ Առուստամյանին, դասախոսներ Արա Գալստյանին, Արկադի Բաբայանին, Նարեկ Մնացականյանին, Կատրինե Մելքումյանին, Շահանե Բաղդասարյանին, Ասպրամ Մկրտչյանին եւ Ռուզաննա Թապտուղյանին, որոնք նույն գործի շրջանակներում կատարել են նույն հանցանքը եւ որոնց նկատմամբ քրեական հետապնդումը 2018թ. հունվարի 29-ին դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով` գործուն զղջալու հիմքով, սակայն նշված տասը անձանցից չորսի նկատմամբ, այդ թվում նաեւ հայցվոր Համլետ Հովսեփյանի, կիրառվել է կարգապահական տույժ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ աշխատանքային պայմանագրի լուծման տեսքով, իսկ մնացած վեց անձանց նկատմամբ կիրառվել է միայն կարգապահական տույժ` խիստ նկատողություն հայտարարելու տեսքով: Արդյունքում, ըստ դատարանի, հայցվոր Համլետ Հովսեփյանի նկատմամբ դրսեւորվել է տարբերակված մոտեցում` նույն հանցանքը կատարած մյուս աշխատակիցների համեմատությամբ, քանի որ խիստ նկատողություն ստացած անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժը, այսպես ասած, բարենպաստ է, քան հայցվոր Համլետ Հովսեփյանի նկատմամբ կիրառած մոտեցումը: Ուստի նշված հանգամանքները համադրելով՝ դատարանն արձանագրել է, որ առկա է «խտրականության արգելքի խախտում»» (մեջբերումը՝ դատարանի վճռից):

24 էջից բաղկացած վճռից հստակ չի հասկացվում, թե 1995թ. հուլիսի 29-ից ՀՀ-ում ուժի մեջ մտած «Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիայի ո՞ր հոդվածն է խախտված այս դեպքում:

Ցանկության եւ իրազեկվածության դեպքում դատարանը կարող էր ողջունելի համարել ռեկտորի տարբերակված մոտեցումը վերոնշյալ անձանց նկատմամբ, եթե մինչեւ վճիռ կայացնելը փորձեր ըմբռնել ու հաշվի առնել բարձրագուն ուսումնական հաստատությանն օրենքով վերապահված ինքավարությունը, իրավասությունը, որոշումներ կայացնելու  իրավունքները, ԲՈՒՀ-ի կանոնադրությունը եւ աշխատանքի առանձնահատկությունները:

-Կոնկրետ ի՞նչն է շրջանցվել դատարանի կողմից  կամ  գուցե ինչ-որ հանգամանք սպրդե՞լ է ուշադրությունից:

-Համալսարանում հայտնի քրեական գործով մեղադրանք առաջադրված տասը անձանց օբյեկտիվորեն կարելի է բաժանել երեք խնբի՝ ա) հիմնական աշխատողներ եւ ուսումնական աշխատանքի պատասխանատուներ, բ) ներքին համատեղությամբ աշխատակիցներ, գ) արտաքին համատեղությանբ աշխատողներ: Դատարանից շատ ջանք ու գիտելիքներ չէր պահանջվի հասկանալու համար, որ նշված երեք խմբի աշխատողների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերելը, մեղմ ասած, կլիներ անարդարացի: Ռեկտորի հրամանների եւ որոշումների համար հիմք են հանդիսացել վերոնշյալ տարբերակված խմբերի գործունեության առանձնահատկությունները, որոնք, ցավոք, չի կարողացել ըմբռնել դատարանը:

Սակայն, դատարանի վճռի 20-րդ էջում մի հետաքրքիր ու կարեւոր մեջբերում կա` «Դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել  նաեւ, որ ՀՀ սահմանադրական դատարանի 07.06.2011թ. թիվ ՍԴՈ-967 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է»:

Չեմ կարողանում հասկանալ՝ եթե դատարանը հղում է կատարում ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը, ապա ինչու՞ չէր կարողանում համարձակորեն այն հիմք ընդունել, քանի որ քրեական գործով մեղադրված 10-ը անձինք գտնվում էին տարբեր իրավիճակներում եւ առկա էին տարբերակված մոտեցման բոլոր հիմքերը: Անհասկանալի է մնում նաեւ այն հանգամանքը, որ դատարանը հիմք է ընդունել Համլետ Հովսեփյանի ու որոշ վկաների կեղծ, անհիմն բացատրությունները եւ չի փորձել նրանց պատասխանատվության ենթարկել: Այ՜ քեզ արդարադատություն...

-Ձեր կարծիքով՝ եղե՞լ են այլ ազդակներ, այսպես ասած, ոչ արդարադատ քննություն կատարելու համար:

-Չեմ կարող միանշանակ ասել: Վճիռն արդեն խոսուն է:

Մեր կարծիքով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր ողջ էությամբ գործել է նախկին տրամաբանությամբ՝ նսեմացնելով, ոտնահարելով Գորիսի պետական համալսարանի հեղինակությունը եւ օրենքով վերապահված ինքնավարությունը:

Ակնհայտ է նաեւ դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կամայական մեկնաբանման իրողությունը. երեւի սուբյեկտիվ մոտեցումը մեծ չափով կնահանջեր, եթե դատավորը «խտրականություն» բառի գլխավոր բացատրությունը չշփոթեր «խտրություն» բառի բացատրության հետ եւ լրջորեն ընթերցեր «Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիան:

 

 Հարցազրույցը՝  Վահրամ Օրբելյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: