12/31/2025

Աղբի տարանջատումը Կապանում

Աղբի տարանջատումը Կապանում

Հայաստանում աղբի տարանջատման քաղաքականությունը դեռ ամբողջությամբ չի ներդրվել: Ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016 թվականի ուսումնասիրության՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները Հայաստանի ջրային տարածքի աղտոտման հիմնական պատճառներն են: Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների` Հայաստան տարեկան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ է ներմուծվում, իսկ արտադրվում է ավելի քան 201 տոննա:

Այնուամենայնիվ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները ոչ միայն կտեսակավորվեն, այլև կպատրաստվեն վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում 2016-ին մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շնորհիվ: Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի վերամշակման արտադրամաս, որտեղ պլաստիկ թափոնը, որոշակի տեխնոլոգիական գործընթացից և ավազի հետ խառնվելուց հետո, կվերածվի շինանյութի: Նորաստեղծ արտադրամասին բավարար պլաստիկ հումք կմատակարարվի ծրագրի շնորհիվ ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման և հավաքման ենթակառուցվածքների միջոցով, որոնք կձգվեն Եղեգնաձորից մինչև Մեղրի՝ ընդգրկելով Վայոց ձորի և Սյունիքի 9 համայնքները: Փողոցների եզրաքարերի և սալիկների առաջին խմբաքանակը կօգտագործվի գործարանի հոսքագծին պլաստիկ թափոն մատակարարող համայնքների հանրային տարածքները բարեկարգելու համար:

Ծրագրի ղեկավար Նորայր Հարությունյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը. «Պլաստիկը երկարակյաց է և բնության մեջ չի քայքայվում: Հետևաբար մեծ վնաս է հասցնում բնությանը: Իսկ եթե այրենք պլաստիկը, վնասն ավելի մեծ կլինի, քանի որ արտադրվում են դիոքսին գազեր, որը մեծ վնաս է հասցնում և՛ բնությանը, և՛ հասարակությանը: Կապանի քաղաքապետարանը Եվրոպական միության հետ նախաձեռնել է մի ծրագիր, որի նպատակը պլաստիկ թափոնների հավաքումը և վերամշակումն է: Դեկտեմբերին արդեն ձեռք կբերենք հոսքագիծը: Իսկ պլաստիկը որպես հումք կընդունենք բնակչությունից»:

^DC82201E16193E9CF14D865AB23F0BBB1474495E6829E5D938^pimgpsh_fullsize_distr

Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 749,963 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 509,978 եվրո է: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Ավելի քան 60 մարդ կօգտվի դասընթացներից և կբարձրացնի աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորությունը. 35 մարդ կապահովվի մշտական աշխատանքով: Նախապատվությունը կտրվի երկարաժամկետ բարձրորակ աշխատատեղ որոնողներին, հատկապես երիտասարդ տղամարդկանց ու կանանց:

eunewsletter.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: