12/31/2025

Պահի պատմականությունն այն է, որ մենք ՀՀ-ում իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող քաղաքական գործընթացների մասին

Պահի պատմականությունն այն է, որ մենք ՀՀ-ում իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող քաղաքական գործընթացների մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում արձանագրեց, որ քննարկման արդյունքում վարչապետ չի ընտրվելու, և խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գնահատեց նաև պահի պատմականությունը: «Այսօրվա  քննարկման  արդյունքում  Հայաստանի  Հանրապետության վարչապետ չի ընտրվելու և Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: Ես ուզում եմ գնահատել այս պահի պատմականությունը, որովհետև պատմականությունն այն չէ, որ Ազգային ժողովը լուծարվում է, և մենք առաջին անգամ ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր երկրում: Պատմականությունն այն է, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք Հայաստանի քաղաքացիներին և հետագա քաղաքական գործընթացների ճակատագիրը որոշելու ամբողջ լիազորությունը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ժողովրդին»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց՝ այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ունենալու ենք մի իրավիճակ, երբ չունենք լիարժեք լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողով, չունենք կառավարություն, որովհետև կառավարության անդամները պաշտոնակատարներ են: «Մենք ի վիճակի ենք լինելու ապահովել ընտրությունների 100 տոկոսով օրինականությունը, բոլորս վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ժողովրդի կամարտահայտության արդյունքում,  հետևաբար,  այսօր մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է լրումին: Եվ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը ժողովրդին է վերադարձվում դե յուրե,  և ժողովուրդը հնարավորություն ունի դեկտեմբերին կայացրած դե յուրե և դե ֆակտո որոշմամբ որոշել իշխանության հետագա ճակատագիրը Հայաստանում»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ  ժողովուրդը ամուր կպահի իր ձեռքում իշխանությունը ոչ միայն հիմա, այլ ընդմիշտ և այլևս երբեք այդ իշխանությունը բաց չի թողնի իր ձեռքից:

armenpresss.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: