01/01/2026

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ:

Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: