01/01/2026

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հոկտեմբերի 31-ին համայնքային այցերի շրջանակում հանդիպում ունեցավ Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների հետ:

Ծանոթանալով աշխատակազմին եւ խոշորացված համայնքին միացած գյուղերի վարչական ղեկավարներին՝ մարզպետը նախ հետաքրքրվեց խոշորացման արդյունքներով՝ գո՞հ, թե՞ դժգոհ են բնակիչները, ի՞նչ հետեւանքներ է ունեցել բնակավայրերի միավորումը:  Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ներկայացրեց այս ընթացում գյուղերում լուծված եւ դեռեւս առկա  խնդիրները: Հունան Պողոսյանը հետաքրքրվեց նաեւ համայնքային բյուջեի կատարման, մասնավորապես սեփական եկամուտների հավաքման  ցուցանիշներով, ինչպես նաեւ, հաշվի առնելով Քաջարանի տնտեսության գերակա ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, բնապահպանական խնդիրներով:

Զրույցի ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները մի շարք խնդիրներ բարձրացրեցին, որոնց լուծման ճանապարհին ակնկալում են մարզպետարանի աջակցությունը, իսկ վերջում ամենակարեւոր հարցերից մեկը՝ Քաջարանում նոտարական գրասենյակ չի գործում, եւ բնակիչները  գործարքների համար ստիպված  են Կապան հասնել: Մարզի ղեկավարը խոստացավ խնդիրը համապատասխան ատյաններ ներկայացնել:  

Շրջայց կատարելով քաղաքում՝ մարզպետը եղավ նաեւ ներկայումս կառուցվող խաղադաշտի շինհրապարակում, ինչպես նաեւ Քաջարանի վերջերս հիմնանորոգված մշակույթի կենտրոնում, ծանոթացավ այստեղ կատարված աշխատանքներին:

Քաջարան այցի ընթացքում Հունան Պողոսյանը աշխատանքային հանդիպում  ունեցավ  նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարության հետ:

syunik.mtad.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: