01/12/2025

Լեոնիդ Գրիգորյանը 55 տարեկան է

Լեոնիդ Գրիգորյանը 55 տարեկան է

Այսօր՝  նոյեմբերի 3-ին, Լեոնիդ Գրիգորյանը դարձավ 55 տարեկան:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը շնորհավորում է Լեոնիդ Գրիգորյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով, նրան մաղթում անձնական երջանկություն եւ հաջողություններ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում:

Լեոնիդ Գրիգորյանն այն սյունեցիներից է ու այն պրոֆեսիոնալ զինվորականներից, ով Արցախյան գոյամարտի սկզբնական փուլից ի վեր նվիրվեց հայոց հնամենի երկրամասի ազատագրությանը, հանրապետության հարավ-արեւելյան սահմանների պաշտպանությանը:

Քանիցս հայտնվեց մահահրավեր իրավիճակներում, քանիցս վիրածածկ եղավ, բայց երբեք չընկճվեց ու դեռեւս չապաքինված վերքերով վերադարձավ ռազմի դաշտ՝ նորից առաջնորդելու մեր քաջարի մարտիկներին՝ ընդօրինակման վարք դրսեւորելով ամենադժվարին գործողություններում:

Արցախյան ազատամարտը մեր նորագույն պատմության հերոսական դրվագներից է: Եվ ինչպես էլ ու ովքեր էլ փորձեն սրբագրել կամ իրենց քիմքին հաճո վերաշարադրել այդ օրերի իրողությունները, միեւնույն է, պատմական այդ իրադարձությունը կերտած զինվորականների ու կամավորականների փառքը երբեք չի խամրելու:

Հաղթանակ կռած հայոց քաջորդիններից մեկն էլ ինքը՝ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանն է, ում այսօր, օգտվելով պատեհությունից, բազմաթիվ սյունեցիների երախտագիտությունն ենք փոխանցում:

Լեոնիդ Գրիգորյանն այն զինվորականներից է, ով պատերազմի բոցերի մեջ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, իր համեստ ներդրումն ունեցավ հայոց ազգային բանակի կազմավորման գործում: Այն բանակի, որ եղել ու մնում է բոլորիս հպարտությունը, անկախ Հայաստանի՝ առայսօր չգերազանցված, անսակարկելի ու բացարձակ արժեքն ու նվաճումը:

Լեոնիդ Գրիգորյանը կապանցի առաջին 60 նորակոչիկի հրամանատարն էր, ովքեր 1991թ. նոյեմբերի 1-ին անդամագրվեցին նորաստեղծ բանակին եւ մեկնեցին  առաջնագիծ:

Նա եղավ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գումարտակներից մեկի հրամանատարը, ապա նույն բրիգադի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալը:

Պատերազմի ժամանակ առաջացած առողջական խնդիրների պատճառով հետագայում, բարձր հրամանատարության հորդորով, ծառայության տեղափոխվեց զինվորական կոմիսարիատ: Եվ քսանմեկ  տարի շարունակ եղավ Կապանի զինվորական կոմիսարն ու հաջողությամբ կազմակերպեց 43 զորակոչ, հինգ տասնյակից ավելի զորահավաքային միջոցառում, կատարեց բազում հատուկ հանձնարարություններ:

2016թ. ապրիլյան իրադարձությունների օրերին Սյունիքյան կամավորական գումարտակի կապանյան ջոկատի կազմակերպիչներից էր:

2018թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Լեոնիդ Գրիգորյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետն էր:

Ու, ինչպես եւ սպասվում էր, երեք ամսվա ընթացքում մարզային փրկարարական վարչության գործունեությունը որակական մի նոր աստիճանի բարձրացրեց:

Այսօր էլ նա հայրենիքի հզորության ու բարօրության համար մտահոգված քաղաքացիների ճշմարիտ ուղու վրա է:

Այսօր էլ նրա եւ նրա տեսակի կարիքն ունենք, ինչպես նախորդ երկու-երեք տասնամյակում:

Վաղն էլ նրա ու նրա տեսակի կարիքն ունենալու ենք:

Ունենալու ենք հատկապես երկրի, ինչպես եւ հայոց արժանապատվության պաշտպանության, մեր երեխաների ու թոռների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, մեր երկրաշեն ու ստեղծագործ ընթացքում:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի՛ Լեոնիդ Գրիգորյան՝ քաջարի զինվոր ու հրամանատար, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի, հրաշալի գերդաստանի զավակ ու բարեհամբավ ընտանիքի գլուխ, մեր սրբազան Սյունիքի պատվախնդիր զավակ:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: