01/01/2026

Ապօրինի շինությունները չեն օրինականացվելու. Արթուր Մեսչյանը չի վախենում վատամարդ դառնալ

Ապօրինի շինությունները չեն օրինականացվելու. Արթուր Մեսչյանը չի վախենում վատամարդ դառնալ

«Ես ուզում եմ դիմել մեր բնակիչներին. ապօրինի շինարարությանը վե՛րջ, հողազավթմանը վե՛րջ: Չի լինելու օրինականացում: Մի՛ ստեղծեք ձեզ համար խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ, որ եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերը օրինական ճանապարհով, մենք կաշխատենք հնարավորին չափ հեշտացնել ձեր կյանքը, ոչ մի պրոբլեմ չեք ունենա: Մի՛ գնացեք այն ճանապարհով, որ հետագայում ունենաք պրոբլեմ դուք, ունենանք խնդիրներ մենք եւ ի վերջո ունենա խնդիր Երեւանը: Չի լինելու այդպիսի բան, վերջացավ»,- հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ այսօր հրավիրած մամուլի իր առաջին ասուլիսում:

«Ես գիտեմ, որ ահռելի քանակով մարդկանց մոտ ես հիմա սարսափելի վատամարդ եմ դուրս գալիս: Կներեք, ես մի կերպ դրան կդիմանամ, որովհետեւ, ի վերջո այս ամենը, ինչ որ ես ասում եմ, նպաստելու է Երեւանին»,- հավելեց նա:

Հենց ապօրինի հողազավթումներն ու շինարարություններն էլ Արթուր Մեսչյանը համարում է Երեւանի մեծագույն խնդիրներից մեկը: Եվ դա ունի իր պատճառները: «Ապօրինի շինարարություն կատարողը կամ հողազավթողը գիտեր, որ հետագայում նա կարող է օրինականացնել այդ ամենը, բնականաբար դա բերում էր նրան, որ ինչ որ դուք տեսնում եք ամեն օր: Դրանք խաթարված մեր բնակելի ֆոնդի՝ հինգերորդ ճակատի, այսպես կոչված, մանսարդներն են, որ ամբողջովին ավերեցին քաղաքի նույնիսկ ամենակարեւոր բնակելի ֆոնդերի տեսքը, դրանք բավականին անտրամաբանական շինարարություններն են»,- նկատեց գլխավոր ճարտարապետը:  

Իսկ այդ իրավիճակի մեղավորին, ըստ նրա, հնարավոր չէ պարզել, որովհետեւ անհասկանալի է թույլտվություն ստանալու ճանապարհը: Գործով զբաղվել են տասնյակ մարդիկ եւ դժվար է գտնել մեկին, որն ասի՝ մեղավորը ես եմ: Արթուր Մենսչյանը հայտարարեց, որ այսուհետ կատարվողի համար ինքը ստանձնում է պատասխանատվությունը: «Այ այսօրվանից ես եմ մեղավոր, որովհետեւ այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ այդ ամեն ինչին վերջ տրվի»,- արձանագրեց նա՝ իր կարեւոր խնդիրներից մեկն էլ համարելով այն, որ վերջնականապես ճշգրտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որպեսզի այն չանձնավորվի եւ ամեն հաջորդ գլխավոր ճարտարապետ աշխատի մշակված որոշակի գործառույթներով:  

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: