01/12/2025

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ

ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ, Սիսավանի վանք, Սիսիանի Ս.Գրիգոր եկեղեցի, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, Սյունյաց վանքի Ս. Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Ս. Հովհաննես) հայոց թվականությունից առաջ հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին: Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք: Եկեղեցին VII դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպս. Հովսեփ Ա-ն (670–689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ: Ստեփանոս արք. Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վանքերից երրորդը:

Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Գմբեթի 12-նիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ խոյակների վրա:

Գմբեթի քիվին չորս ավետարանիչների դիմապատկերներն են՝ քանդակված մինչև գոտի, աջ ձեռքը վեր բարձրացրած (անունները փորագրված են ներքևում): Արմ. ճակատին Հովհաննես եկեղեցապանի խիստ եղծված հարթաքանդակն է: Ներսում, գմբեթի կիսաոլորտի ներքևի մասում Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վանականի պատկերաքանդակներն են, որոնք աչքի են ընկնում ընդգծված անհատականությամբ:

Սյունյաց վանքի Ս. Գրիգոր եկեղեցու քարերին շինարար վարպետների նշաններն են՝ մեծ մասամբ անվան սկզբնատառի ձևով: Սյունյաց վանքը վերանորոգվել է 1959–61-ին:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: