01/12/2025

Քարահունջցիները հրավիրում են մարզպետի ուշադրությունը

Քարահունջցիները հրավիրում են մարզպետի ուշադրությունը

Նոյեմբերի 10-ին մի խումբ քարահունջցիներ նորից այցելել են «Սյունյաց երկրի» խմբագրություն եւ մտահոգություն արտահայտել գյուղացիների մեծ մասին հետաքրքրող հարցի առթիվ՝ դրա վրա հրավիրելով Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուշադրությունը:

Քարահունջցիները մասնավորապես նշել են. «Աշնանային այս օրերին, բնականաբար, գյուղի խոշոր եղջերավոր անասունների նախիրներն այլեւս արոտավայր չեն տարվում: Եվ որոշ մարդիկ իրենց անասունները բաց են թողնում գյուղի մերձակա այգիների մեջ՝ վնաս պատճառելով հատկապես մատղաշ ծառերին ու այգիներին ընդհանրապես:

Երբ անասնատերերին փորձում ենք սաստել, ասում են՝ ի՞նչ կարող եք անել կամ մինչեւ հիմա ի՞նչ եք արել, որ հիմա անեք:

Եվ անասունները շարունակում են անարգել տրորել  գյուղի այգիները:

Գյուղացիների այգիներին պատճառվող այդ վնասը, մինչդեռ, չի մտահոգում համայնքի իշխանավորներին:

Գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատճառաբանում է, թե դա համայնքապետի տեղակալ Մենուայի գործն է, նա էլ ասում է՝ գնացեք խփեք եւ սատկացրեք անասուններին, ես պատասխան կտամ:

Այդ ամենի արդյունքում, իհարկե, ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի ուզում պաշտպանել այգետերերի շահերը:

Համայնքապետարանը չի զբաղվում, ոստիկանությունը չի զբաղվում… Ստիպված ենք մարզպետի ուշադրությունը հրավիրել՝ խնդրելով անձամբ զբաղվել այդ հարցով կամ ներազդել համայնքի իշխանավորների վրա:

Ու թող տպավորություն չստեղծվի, թե մարզպետարանում, համայնքապետարանում, ոստիկանությունում տեղյակ չեն Քարահունջում ստեղծված իրավիճակին, թե նոր-նոր ենք այդ մասին բարձրաձայնում: Բոլորն էլ տեղյակ են, քանի-քանի անգամ դիմում ենք հղել, լրատվամիջոցներով ահազանգել, բայց…

Գիտե՞ք, թե ինչն է հատկապես զարմանալի. Արարատյան դաշտում  կարկուտից մի ծիրանի է վնասվում՝ կառավարության քննարկման հարց են դարձնում, հակակարկտային սարքավորումներ տեղադրում: Իսկ մեզ մոտ դարավոր այգիներ են ոչնչացվում, ու ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել:

Ընթերցողն էլ պետք է տեղյակ լինի, որ այգիների պահպանությունը  սովորական խնդիր չէ Քարահունջում: Հարյուրավոր տարիներ քարահունջցիների եկամտի հիմնական (եթե ոչ միակ) աղբյուրը այգիներն են եղել: Այսօր էլ այդպես է…

Եվ վնասել այգիները՝ նշանակում է հարվածել գյուղացու եկամտի աղբյուրին, որը ոչ միայն թույլատրելի չէ, այլեւ դատապարտելի է օրենքի ուժով :

Եթե այդ հարցը վերջնականապես ու հիմնովին  չկարգավորվի, ապա ոչ ծառերի տերն ենք, ոչ էլ՝ վարած-ցանածի:

Ինչ խոսք, անասնատերերն էլ այգիներ ունեն, բայց շահեկան են համարում իրենց 10-15 անասունը պահել, քան հույսը դնել այգու վրա՝ մոռանալով համագյուղացիների շահերը»:

 

Խմբագրության կողմից

…Այդ ինչ մի հարց է, որ երկու տարի շարունակ Սյունիքի մարզպետարանն ու Գորիսի համայնքապետարանը չեն կարողանում կարգավորել:

Գոնե հիմա, կարծում ենք,  համայնքապետարանն ու Սյունիքի մարզպետարանը կլուծեն պարզագույն այդ խնդիրը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: