01/12/2025

Մեկնարկել է «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը

Մեկնարկել է «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը

Մարզի համայնքների միջեւ մշակութային կապերն ամրապնդելու նպատակով մեկնարկել է «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը: Սեպտեմբերի 14-ին մարզկենտրոնի մշակույթի կենտրոնում անցկացվեց «Սիսիանի մշակույթը Կապանում» միջոցառումը: Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի ճեմասրահում սիսիանյան շունչն էր թեւածում: Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, համայնքապետեր, ովքեր ծանոթացան յուրաքանչյուր սեղանին ներկայացված աշխատանքներին: 

Տարբեր տաղավարների ցուցադրանքը որոշակի պատկերացում էր տալիս սիսիանյան մշակույթի մասին: Այցելուներին առավել հետաքրքրել էր խեցեգործ Վահագն Համբարձումյանի արվեստը: Բրուտագործական դուրգի պտույտներով եւ խեցեգործի մատների հմուտ շարժումներով կերպարանք էր առնում արվեստի հերթական նմուշը: «Փորձում ենք մարդկանց ցույց տալ,  թե ինչ է հնարավոր ստեղծել կավից, ինչ տեսք է ունի  սկզբից, եւ ինչի է վերածվում: Իսկ ընդհանրապես մեր նպատակն է վերածնել մեր տարածաշրջանի զարդարվեստը, հին ժամանակների կորած նմուշները, խեցեգործական իրերի ստեղծման տեխնոլոգիաները»,-պատմում է վարպետը: Այս ցուցահանդեսին կնոջ հետ Վահագնը ներկայացնում  էր «Սիսիան  կերամիքս» բրենդը: Նաեւ տեղեկանում ենք, որ նրանց արհեստանոցի դռները միշտ բաց են զբոսաշրջիկների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են խեցեգործական աշխատանքներով: 

Գեղանկարչուհի Արգինե Սահակյանը ցուցահանդեսին մասնակցում էր քառօրյա պատերազմում զոհված սիսիանցիների դիմանկարների շարքով եւ գեղանկարներով, ինչպես նաեւ ներկայացնում էր ազգային տարազներ: Սիսիանի մանկապատանեկան կենտրոնը ցուցադրում էր իր սաների ձեռքի աշխատանքները, իսկ Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստական դպրոցը՝ իր սաների գեղարվեստական գործերը: Ցուցահանդեսում ներկայացված  էին նաեւ սիսիանյան բնության բարիքները, որոնցից կարելի էր համտեսել:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները տեղափոխվեցին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ, որի բեմահարթակը եւս այդ երեկո տրամադրվել էր սիսիանցիներին: Ելույթ ունեցան Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սաները, Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների, Սիսիանի արվեստի դպրոցի պարային համույթները, երաժիշտ կատարողներ, ասմունքողներ: 

Խորհրդանշական է, որ երեկոն եզրափակվեց Համո Սահյանի բանաստեղծության տողով. 

Անվերջ, անշարժ  ձեր երթում

Ինձ բացակա չդնեք…

Ինչպես տեղեկացանք, «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագրի շրջանակում այցելություններ կլինեն Ա. Բակունցի տուն - թանգարան, Գորիսի եւ Կապանի երկրագիտական թանգարաններ, Սիսիանի Ն. Ադոնցի անվան եւ Կապանի Շ. Մովսիսյանի անվան պատմության թանգարաններ:                                           

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: