01/02/2026

Ի՞նչ կարգավիճակով ու առաքելությամբ էր Քաջարանի տնօրեն Մհերը վարչապետի հետ մեկնել Աստանա

Ի՞նչ կարգավիճակով ու առաքելությամբ էր Քաջարանի տնօրեն Մհերը վարչապետի հետ մեկնել Աստանա

Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար նոյեմբերի 8-ին Աստանա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող գործարարների մեջ էր անփառունակ Մհեր Պոլոսկովը:

Այսպես կոչված գործարարները հաջորդ օրը, վարչապետի գլխավորությամբ, պետք է մասնակցեին Ղազախստանի գործարար աշխարհի մի քանի ներկայացուցչի հետ, ինչը եւ տեղի ունեցավ:

Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա դրանում, սակայն…

Կապանի համայնքապետի ընտրության արդյունքից ալեկոծված Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակիցները «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտության գլխավոր մեղավորներից էին համարում Քաջարանը:

Եվ հանկարծ, մի քանի օր անց, Քաջարանի դիրեկտորը հայտնվում է վարչապետին ուղեկցողների խմբում:

Ու ի՞նչ առաքելությամբ:

Պաշտոնական հաղորդումներից հնարավոր չէ իմանալ, թե Քաջարանի տնօրենը որքանով էր պահանջված ղազախական հանդիպումներում (եւ արդյո՞ք պահանջված էր):

Սյունիքում, մինչդեռ, յուրովի են մեկնաբանում այդ պատահմունքը:

Ըստ այդմ՝ ԶՊՄԿ-ում շարունակվող ստուգումների, այդ ընկերության վերաբերյալ չդադարող աղմկահարույց բացահայտումների համապատկերի վրա տնօրենին գործարարների խմբում ներգրավելն առնվազն նրան կառավարության հովանու ներքո վերցնելու, քաջալերելու անթաքույց քայլ էր:

Հո Մհերին չե՞ն տարել Աստանա՝ նրա փորձն ուսումնասիրելու եւ տարածելու համար:

Հո չե՞ն տարել, որ Հայաստանի պատվիրակության բարոյական կշիռը մեծանա ղազախների նեղլիկ աչքում:

Հո չե՞ն տարել, որ նրան տեսնելով՝ ղազախ ներդրողների ընկալումներում Հայաստանն ավելի վստահելի ու գրավիչ դառնա:

Եվ, այդուհանդերձ, դիտարկումներն ու կռահումները թողնենք ու հուսանք, որ վարչապետի հետ Աստանա մեկնած Մհերը կշառագունվի թավշյա հեղափոխության լույսով, կպարզաջրվի եւ վայր կիջնի օտարի պատվանդանից…

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: