01/02/2026

Սահմանախախտների թիվը հեղափոխությունից հետո կտրուկ աճել է. Թուրքիայի հատուկ ծառայությունը գործի է անցել

Սահմանախախտների թիվը հեղափոխությունից հետո կտրուկ աճել է. Թուրքիայի հատուկ ծառայությունը գործի է անցել

Վերջին շրջանում հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձերի աճ է գրանցվել: Yerkir.amը գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն` տեղեկանալու, թե 2018-ի ապրիլ ամսից մինչև 2018-ի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում (հարցումն ուղարկելու օրը) հայ-թուրքական սահմանի ապօրինի խախտման քանի դեպք է գրանցվել: Ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ այս տարի վերոնշյալ ժամանակահատվածում արձանագրվել է հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 13 դեպք: Ի դեպ, 2017-ի ապրիլից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել էր հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի 3 դեպք: Ստացվում է` այս տարվա նույն ժամանակահատվածում սահմանն ապօրինի խախտելու դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4 անգամ:

Ինչպես են ճշտում սահմանախախտի ինքնությունը, ինչ պատիժ է սպասվում նրանց

Սահմանախախտների հետ կապված` ՀՀ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի: ՀՀ պաշտպանության նախարարությունը, օրինակ, սահմանն ապօրինի խախտողին հայտնաբերելուց հետո նրան փոխանցում է ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն էլ նախ ուսումնասիրություն է կատարում, օպերատիվ միջոցառումներ իրականացնում` ճշտելու  համար նրա` ով լինելը: Սահմանն ապօրինի խախտողների մոտ հաճախ անձի ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի լինում, ավելին` երբեմն լինում են նաև կեղծ փաստաթղթեր, ուստի ԱԱԾ-ն նախ տարբեր հաշվառումներով, Ինտերպոլի միջոցով ճշտում  է սահմանախախտի ազգությունը: ԱԱԾ-ն իր նախապատրաստած նյութերը Քննչական գլխավոր վարչություն է փոխանցում, ինչպես նաև տեղեկացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, իսկ ԱԳՆ-ի միջոցով` համապատասխան երկրի  հյուպատոսությանը: Սահմանախախտի` ով լինելը պարզելուց հետո դեպքի մասին տեղյակ է պահվում Միջազգային միգրացիոն ծառայությանը, ՄԻՊ-ի գրասենյակին: Եթե անձին կալանավորելու որոշում չի կայացվում, սահմանախախտին միգրացիոն ծառայության միջոցով ժամանակավոր կացարան է տրամադրվում` մինչև փաստաթղթավորումը, որից հետո նա արդեն կարող է հեռանալ երկրից:

yerkirmedia.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: