01/02/2026

Սյունիքյան քվեարկության առանձնահատկություններից մեկը

Սյունիքյան քվեարկության առանձնահատկություններից մեկը

Հաճելի է լսել երկրի վարիչների հավաստիացումները, որ ԱԺ առաջիկա ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում վարչական ռեսուրսի, պետական լծակների օգտագործումը բացառվելու է:

Օրեր առաջ էլ լսեցինք պաշտպանության նախարարի հավաստիացումը, որ զինվորականությունը չի լինելու նախընտրական քարոզչության  թիրախ, որ զորամասերը հեռու են մնալու նախընտրական քաղաքական բանավեճերից: Եվ դա ճիշտ է…

Մինչդեռ, խոստովանենք, այդ ամենի ապահովումը սովորական խնդիր չէ եւ հեշտ լուծելի չէ: 

Դատելով նախորդ համապետական ընտրությունների փորձից` Սյունիքի տարածքում դեկտեմբերի 9-ին կքվեարկի մինչեւ 20 հազար զինվորական (ստույգ թիվը չի հրապարակվում):

Դա, ինչպես տարիներ շարունակ, քվեարկության մասնակիցների ցուցանիշով Սյունիքին կապահովի առաջատար տեղ մարզերի թվում: Եվ այդ մասին դեկտեմբերի 9-ին, երեք ժամը մեկ, կլսենք լրատվական թողարկումներում:

Մյուս կողմից` քաղաքական ուժերից եւ ռեյտինգային թեկնածուներից առավել շատ քվե կստանան նրանք, ովքեր կունենան զինվորականների աջակցությունը:

Նախորդ տարիներին, օրինակ, բարձր դուռն էր որոշում, թե զինվորականներից քանիսը որ թեկնածուի օգտին պիտի քվեարկի: Եվ շարքով բերում էին զինվորներին: Ու այդպես էլ հորինվում էին հաղթողներ…

Մեզ հավաստիացնում են, ինչպես նշեցինք, որ այդ ամենը մնացել է անցյալում, ինչին ուզում ենք հավատալ:

Բայց, ինչպե՞ս է 18-20 տարեկան զինվորականը կողմնորոշվելու, ասենք, ռեյտինգային քվեարկություն անելիս, երբ նրան թիվ 12 ընտրատարածքում առաջարկվելու է հանրությանն անհայտ մոտ 80 թեկնածուի անուն, երբ, օրինակ, հանրապետության այլ շրջաններից ծառայության եկած պատանին հնարավորություն չի ունենալու (ընտրություն կատարելուց առաջ) հանդիպել, լսել քաղաքական ուժի ներկայացուցչին, պատգամավորի թեկնածուին: 

Նման իրավիճակում ընտրողների այդ մեծ խմբի կողմից ողջամիտ կամ գիտակցական քվեարկություն ակնկալելը լուրջ չէ:

Եվ, ուզենք-չուզենք, 18-20 տարեկան զինվորականը քվեարկությունից առաջ ստիպված է լինելու խորհուրդ հարցնել իր հրամանատարից, իսկ հրամանատարն առանց վերադասի չի համարձակվելու խորհուրդ տալ ենթակային:

Չէ, չենք կարծում, որ զինվորականը պետք է ունկնդիր լինի քաղաքական բանավեճին. դա, իսկապես, անկարելի է: 

Բայց եւ չենք կարծում, որ զինվորականը չպետք է իմանա, թե ովքե՞ր են պատգամավորի թեկնածուները եւ ի՞նչ ներուժ ունեն նրանք խորհրդարանում աշխատելու համար, որո՞նք են ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը, ի՞նչ ծրագրեր ունեն: Ասել է թե` զիվորականը չպետք է իր քաղաքացիական, ընտրական իրավունքն իրացնի հենց այնպես:

Այսպիսով` նախընտրական քարոզչությունը զինվորականության շրջանում ողջամիտ ճանապարհով վարելու խնդիր ունենք…

Ի դեպ, դեկտեմբերի 9-ից հետո կփորձենք պարզել եւ ընթերցողին ներկայացնել տեղեկություններ այն մասին, թե զինվորականության քվեարկության տեղամասերում որպիսի արդյունքներ են արձանագրվել: Եվ պարզ կդառնա` նորի՞ց ենք զինվորականների հաշվին հաղթողներ մոգոնել, թե՞…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: