01/02/2026

10 հազարով ավելի ուսուցիչ ունենք, քան կարիքը կա. Փաշինյան

10 հազարով ավելի ուսուցիչ ունենք, քան կարիքը կա. Փաշինյան

Ուսուցիչները սահմանված 153 հազար դրամ աշխատավարձը չեն ստանում, քանի որ նրանց թիվը 10 հազարով ավելի է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, Գեղարքունիքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրում խոշորացույցով պետք է ման գանք 153 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի»,–ասաց նա՝ հավելելով, որ իրականում ուսուցիչներն ավելի քիչ աշխատավարձ են ստանում:

Պատճառը, նրա խոսքով, տրիվյալ է. «Որովհետեւ մանկավարժական աշխատավարձերը որոշվում են դրույքներով։ Աշակերտների X քանակ ունենք, անհրաժեշտ է Y դրույք։ Մենք այսօր հանրակրթության ոլորտում ունենք 10 հազարով ավել աշխատող, քան դրա կարիքը կա՝ աշակերտների թվաքանակից ելնելով։ Նշանակում է, որ այն ուսուցչական աշխատավարձը, որը պետությունը սահմանել է՝ 153 հազար դրամ, այդ դրամագլուխը բաժանվում է եւս հավելյան 10 հազար հոգու մեջ։ Ես միայնակ մեկ դրույք պետք է պարապեմ, որ ստանամ 153 հազար, բայց քանի որ ինձ հետ կան եւս 2–3–ը, ուրեմն բաժանվում է 2 կամ 3 տեղ»։

Այս երեւույթի պատճառը, Փաշինյանի համոզմամբ, քվե բերելու դիմաց կամ զանգով որեւէ մեկի ծանոթին աշխատանքի ընդունելն է։ Նա նշեց եւս մեկ պատճառ՝ արտագաղթը։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հաստիքներից բոլորը չէ, որ մանկավարժական հաստիքներ են՝ կեսը ոչ մանկավարժական են։ Նա նկատեց, որ գյուղերում հաճախ գյուղապետերի բարեկամները ձեւակերպվում են տարբեր հաստիքների վրա, փաստացի չեն գալիս գործի, բայց աշխատավարձ են ստանում. «Պետբյուջեն լցնում ենք ծակ տակառի մեջ եւ կողքերից չռռում է. պետք է հասկանանք՝ այդ խնդիրները ոնց ենք լուծում»:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: