01/02/2026

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Այսօր առավոտյան մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ վերջինս գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Սույն թվականի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաեւ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը եւ ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: