01/12/2025

Սյունիքում նախընտրական քարոզ իրականացնող յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ թեկնածու պարտավոր է պատասխանել հարցին՝ սյունեցիների՞ հետ է, թե՞ գաղութարարների

Սյունիքում նախընտրական քարոզ իրականացնող յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ թեկնածու պարտավոր է պատասխանել հարցին՝ սյունեցիների՞ հետ է, թե՞ գաղութարարների

Սյունիքի մարզում երկու-երեք տարի առաջ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը, որի նպատակն էր Քաջարան ներխուժած ասպատակներից հայրենի երկրամասի ազատագրումը, հետհեղափոխական Հայաստանում մի փոքր դադար առավ:

Պատճառն այն մեծ հույսն էր, որ մարդիկ կապեցին համաժողովրդական վստահությամբ օծված կառավարության հանդեպ:

Սակայն Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որին ոմանք համառորեն հեղափոխություն են անվանում, չարդարացրեց հազարավոր սյունեցիների սպասելիքները:

Հետհեղափոխական Հայաստանում Քաջարան ներխուժած ասպատակները չեն դադարեցնում հակասյունիքյան գործունեութունը, ազատ խոսքի դեմ պայքարը:

Հետեւաբար՝ այսօր Սյունիքում շարունակում են հրատապ ու արդիական մնալ բոլոր այն հարցերը, որ ծառացել են երկրամասի առջեւ վերջին երկու-երեք տարում, բայց եւ մնացել անպատասխան:

Հիմա ընդառաջ ենք գնում նոր խորհրդարանի ձեւավորմանը:Եվ դա չի ենթադրում սոսկ քվեարկություն ինչ-որ մեկի օգտին, որ պետք է կատարենք դեկտեմբերի 9-ին:

Ազգային ժողովի ընտրությունը նախեւառաջ երկրի, նաեւ մեր երկրամասի զարգացման հետագա ծրագրերը, տեսլականը ճշտելու, ներկայացնելու բացառիկ հնարավորություն է եւ առիթ:

Իսկ Սյունիքի զարգացման ճանապարհին թիվ մեկ խոչընդոտը եղել եւ մնում է Քաջարան ներխուժած հրոսակախումբը, որից երկրամասի ազատագրումը համապետական խնդիր է:

Եվ քանի դեռ Սյունիք այցելած ամեն մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, Սյունիքից առաջադրված պատգամավորության ամեն մի թեկնածու հստակ, ոչ երկիմաստ դիրքորոշում չեն արտահայտել այդ հարցի առնչությամբ, նրանց չի կարելի լուրջ վերաբերվել:

Ավելի ճիշտ՝ նրանց պետք է դիտարկել իբրեւ գաղութարարներին աջակցող, սատարող գործիքներ՝ դրանից բխող վերաբերմունքով:

Սկզբից եւեթ չենք ուզում կասկածի տակ առնել որեւէ քաղաքական ուժի, պատգամավորի որեւէ թեկնածուի ազնվությունն ու անկեղծությունը:

Ուստի եւ յուրաքանչյուրից սպասում ենք կոնկրետ դիրքորոշում:

Երրորդ ճանապարհ չկա՝ կամ հրոսակների հետ ենք, կամ Սյունիքի հետ:

Քարոզարշավն առջեւում է…

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: