01/02/2026

Տարեկան 250 հիվանդ կստանա գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում

Տարեկան 250 հիվանդ կստանա գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում

2019թ. փետրվարի 1-ից  կմեկնարկի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով թեմային, նշել է, որ ծրագիրը շատ կարևոր է ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունն ու հաշմանդամությունը նվազեցնելու առումով։

«Ծրագրի շրջանակներում գլխուղեղի խցանված անոթները կբացվեն, ու կաթվածը կկանխարգելվի։ Պացիենտը շատ դեպքերում կխուսափի երկարատև հաշմանդամությունից, կփրկվի նրա կյանքը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և  գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները կընդգրկվեն այս ծրագրում:

Նշենք, որ այն իրականացվելու է «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կաթվածի համապարփակ կենտրոններում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժում կստանա մոտ 250 պացիենտ: Ծրագրի իրականացմանը կուղղվի շուրջ 400 մլն դրամ, որի արդյունքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել գլխուղեղի  իշեմիկ կաթվածներից մահացությունը, ինչպես նաև շուրջ 39%-ով կնվազի հաշմանդամությունը:

Ծրագրի ձևավորման հարցում նշանակալի դեր են ունեցել գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` Միքայել Սքոն Մուրաթօղլու, Րաֆֆի Ավիտսյանի, Վիկեն Բաբիկյանի, Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

 

 armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: