Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին բաց նամակով են դիմել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, ժողովրդի կողմից սիրված ու պահանջված բարձրակարգ մասնագետ, մարդկային բազմաթիվ ճակատագրեր փրկած և տարածաշրջանում բարձր հեղինակություն վայելող, տարվա լավագույն մարզային բժիշկ ճանաչված Ս. Սիրականյանը ոչ միայն հիվանդանոցից հեռանալու, այլև հայրենիքը լքելու որոշում է կայացրել, ով հիվանդանոցի փակման դեմ պայքարող խմբի ակտիվ նախաձեռնողներից է եղել, սիսիանցու շահերը բարձր դասելով իր անձնական շահերից` Սիսիանում ձևավորված ակտիվի հետ միասին դուրս է եկել պայքարի պետական նախկին ապարատի անօրինականությունների դեմ:
Բժշկի որոշումը ստացել է հանրային հնչեղություն և խնդրի հետ կապված Սիսիան համայնքում անց է կացվել ստորագրահավաք, որին միացել են ավելի քան 2.000 /երկու հազար/ բնակիչներ, ովքեր պատկան մարմիններից խնդրում և պահանջում են անհապաղ ուսումնասիրել Սիրականյանի առջև դրված աշխատանքային նոր պայմանները, վերացնել նրա աշխատանքային գործունեությանը խոչընդոտող այդ հանգամանքներն ու հարցին սահմանված կարգով լուծում տալ:
Հարգարժան մարզպետ, այս ամենի դիտարկումներից հետո ողջամիտ կասկած է հարուցվում առ այն, որ դեռևս գործում են հիվանդանոցի լուծարմանն ուղղված շահագրգիռ անձիք, ովքեր փորձում են կրկին օրակարգ բերել հիվանդանոցի լուծարման հարցը, ինչը կարծում ենք անթույլատրելի է և դրան մեկընդմիշտ պետք է վերջ դնել:
Բժշկի Սիսիան մնալով օր-օրի աճում է հիվանդանոց դիմողների քանակը, միաժամանակ բարձրանում է հիվանդանոցի վարկանիշն ու հեղինակությունը, իսկ դրա մասին վկայում են Սիսիանի ազգաբնակչությունը, ովքեր օգտվել են բժշկի ծառայություններից, տեսել են նրա աշխատանքը, լսել են նրա հրաշագործությունները:
Հարգարժան պարոն մարզպետ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն գտնվում է Սյունիքի մարզպետարանի ենթակայության ներքո և դուք եք իրավասու ընկերության ներքին կառավարման խնդիրներն ուսումնասիրել և սահմանված կարգով ընթացք տալ, ուստի ստորագրահավաքին և սոցիալական ցանցերով միացած քաղաքացիների անունից խնդրում ենք վերը նշված հարցերին անհապաղ լուծում տալ` ի շահ Սիսիան համայնքի բնակիչների, միաժամանակ լուծել հիվանդանոցի ներքին կառավարմանը խոչընդոտող հանգամանքները և ստեղծել գրավիչ ու առողջ պայմաններ ոչ միայն հիվանդանոցի անձնակազմի, այլև հիվանդանոցում աշխատելու ցանկություն հայտնող յուրաքանչյուր անձի համար:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` նախաձեռնող խմբի անդամներ»:
haynews.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































