01/02/2026

Սյունիքի մարզի բարիքները ներկայացվեցին գորիսյան փառատոնում

Սյունիքի մարզի բարիքները ներկայացվեցին գորիսյան փառատոնում

ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կարմիր կտուրների քաղաք Գորիսը խորհրդանշող ուտեստները, խմիչքները, ձեռագործ աշխատանքները ներկայացվեցին  «Գորիսյան փառատոն»-ում: Այն անցկացվեց նոյեմբերի 23-ին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի եզրափակիչ միջոցառումների շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերին տան տերերը  դիմավորեցին  երգ ու պարով, նկարչական աշխատանքների ցուցահանդեսով և բարձր տրամադրությամբ:

«Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղից ենք: Մեր տաղավարում ներկայացնում ենք հայկական ամենահետաքրքիր ուտեստներից մեկը` խաշիլը, որը նույն աղանձն է: Այն մատուցվում է յուղով ու թանով: Դրա պատրաստման ձևը մեզ է փոխանցվել մեր տատիկներից:  Ունենք նաև գաթա, հալվա, թթու, նապաստակի միս, օղի, մեր մարզում արտադրված գազավորված ըմպելիք: Սիրով հյուրասիրում ենք բոլոր ներկաներին` նրանց ծանոթացնելով մեր սիրելի ուտեստներին»,-ասաց 11-ամյա Սյունե Գևորգյանը:

Գորիսի կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ  Տաթևիկ Հայրապետյանը, որը աշխատում էր  հաստոցով, նշեց, որ դրա միջոցով կտորներ է գործում, իսկ  կտորներից պատրաստվում են պայուսակներ, բարձեր, գորգեր և այլ  կեցության համար անհրաժեշտ պարագաներ: «Բամբակյա և բրդյա թելեր են, որոնցից ստացած գործերը մեծամասամբ ներկայացնում ենք տարբեր ցուցահանդեսների ընթացքում և պետք է փաստեմ, որ դրանք հատկապես հետաքրքրում են օտարերկրացիներին»,-պատմեց նա:

Գորիսի Գ. Պարոնյանի անվան արվեստի դպրոցի ներկայացուցիչները փառատոնին ներկայացնում էին թթի օղի, որի շշի վրա գունավոր նկարներ էին պատկերված: «Արվեստի դպրոցի երեխաների ձեռքի աշխատանքն է շշերի վրա:  Վաճառված օղու ողջ հասույթը տրամադրվելու է հենց այդ դպրոցի երեխաներին»,-ընդգծեցին նրանք:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: