01/02/2026

Բնակարանների գներն աճել են ու դեռ աճելու են. Կադաստրի ղեկավար

Բնակարանների գներն աճել են ու դեռ աճելու են. Կադաստրի ղեկավար

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, թե հանրապետության որ բնակավայրերում են հիմնականում աճել բնակարանների գները։

Բնակարանների գործարքների առք ու վաճառքի թիվն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.1, մարզերում 26 տոկսով։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Առք ու վաճառքի ակտիվացումն անշարժ գույքի շուկայում նաև գնաճ է առաջացրել, որն ըստ Պետրոսյանի ,միայն Երևանի կենտրոնում կազմել է 23 տոկոս։

Գործարքների ակտիվացումն ու գների աճը Սարհատ Պետրոսյանը մեկնաբանում է քաղաքական իրադարձությունների արդյունքում տնտեսության ոլորտում ձևավորված դրական սպասումներով, որոնք կարող են ավելի կայունանալ հատկապես ընտրություններից հետո։

«Աճը կշարունակվի հատկապես ընտրություններից հետո` դեկտեմբերին, որ միշտ լինում է ռեկորդային։ Նոր տարվա մոտ գործարքները, որպես կանոն, ակտիվանում են։ Բայց հունվար փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,– ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է մարզային բնակավայրերում արձանագրված աճին, կադաստրի ղեկավարը խոստովանում է, որ այդ միտումը հիմնականում վերաբերում է Երևանին հարակից մարզերին ու բնակավայրերին, մինչդեռ ավելի հեռավոր մարզերում աճը 1-2 տոկոսի սահմաններում է։

«Հիմնական ակտիվությունը Երևանին մոտ մարզերում է` Արարատում, Արմավիրում, Կոտայքում։ Պետք է հաշվի առնել, որ այս մարզերը կրում են մայրաքաղաքի ազդեցությունը»,– ասաց նա։

Անդրադառնալով հանրապետությունում առկա մաշված, հին բնակֆոնդին ու դրանց կադասրտրային արժեքներին` Սարհատ Պետրոսյանը համաձայնեց դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին։

«Կադաստրային արժեքներն այսօր 2000-ականների սկզբում ընդունված գներն են, որոնք չեն արտացոլում այդ գույքի իրական, շուկայական արժեքը»,– ասաց նա և տեղեկացրեց` կոմիտեն սկսել է շուրջ 1000 գույքի ուսումնասիրման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է կադաստրային գները մոտեցնել շուկայականին։

Սարհատ Պետրոսյանի հաշվարկով` այս գործընթացը կավարտվի մարտ ամսին, որից հետո կվերանայվի տեղանքի գոտևորման համակարգը, կառավարությունն էլ կկարողանա շուկայականին մոտ տրամաբանությամբ հարկել անշարժ գույքը։

armeniasputnik.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: