01/03/2026

Նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան

Նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան

Կապանի N3 հատուկ կրթահամալիրում տեղի ունեցավ «Մենք շողերն ենք արեւի» խորագրով ցերեկույթ` նվիրված ՄԱԿ-ի կողմից 1992թ, դեկտեմբերի 3-ին հռչակված հաշմանդամների միջազգային օրվան: Հանդիսությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետներ Գոռ Թադեւոսյանը, Հերմինե Համբարձումյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Մինչ միջոցառումը սկսելը Սյունիքի մարզպետը շրջեց կրթօջախում, ծանոթացավ ուսման եւ հանգստի պայմաններին, իսկ դահլիճում՝ սաների ձեռքի աշխատանքներին: 

Կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը՝ տեղեկացնելով, որ ունեն 76 սան, ովքեր առանձնահատուկ խնամքի կարիք ունեն եւ սովորում են անհատական ուսուցման պլանով: Սովորողների մի մասն ընդգրկված է հատուկ արհեստագործական հոսքում, որտեղ սովորում են կարպետագործի եւ խոհարարի մասնագիտություն: Բացի այդ՝ շնորհալի սաների ձեռքի աշխատանքները ներկայացվում են ցուցահանդես-վաճառքների, որից գոյացացած շահույթը նպատակամղվում է կրթահամալիրի բարեկարգմանը: Սաների առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով անցկացվում են բազմազան միջոցառումներ: Իր խոսքում տնօրենն անդրադարձավ ցավոտ խնդրի. դա կրթահամալիրի առջեւում վերգետնյա հետիոտնային անցումի կառուցումն է, քանի որ այն գտնվում է միջպետական ճանապարհի հարեւանությամբ: Ներկաների՝ կրթահամալիրի մասին պատկերացումն ամբողջացավ նրա պատմությանն ու անցած ուղու մասին տեսաֆիլմով: 

Այնուհետեւ սաները հանդես եկան ասմունքով ու երգով, ներկայացրին փոքրիկ բեմադրություններ, ցուցադրեցին իրենց հմտություններն ու կարողությունները: Նրանց համար նվերներ էր պատրաստել «World vision» կազմակերպությունը: Կրթահամալիրում վերջերս փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, ավելացել են թեքահարթակները, որոնք կառուցվել են «ԷՍԷՖԷԼ» ՍՊԸ-ի եւ «Հուսո երիցուկ» հասարակական կազմակերպության ջանքերով: Իսկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կրթահամալիրին նվիրել է ժամանակակից վարժասարքեր:

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: