01/12/2025

Մհեր Եղիազարյանին՝ հացադուլն անհապաղ դադարեցնելու խնդրանք եւ հորդոր

Մհեր Եղիազարյանին՝ հացադուլն անհապաղ դադարեցնելու խնդրանք եւ հորդոր

Հարգելի Մհեր

Չենք թաքցնում, ցնցված ենք նախնական այն տեղեկատվությունից, որ տարածեց ԱԱԾ քննչական վարչությունը՝ քո ենթադրյալ հանցանքների ու քեզ ձերբակալելու մասին:

Աղոթում ենք առ Աստված, որ օրերից մի օր պարզվի, ճշտվի քեզ վերագրվող արարքների անստույգ եւ անհիմն լինելը:

Բայց ճշմարտության, արդարության հաղթանակին հասնելու չարչարանաց ճանապարհին ամենամեծ անելիքը դու ունես:

Իսկ այդ ճանապարհին թուլացած, հուսալքված, հյուծված վիճակում որեւէ հաջողության մասին երազելն անգամ լուրջ չի կարող լինել:

Այնպես որ՝ հացադուլն այն պահելաձեւը կամ գործելակերպը չէ, որ ընտրել ես մեկուսարանում:

Մենք հացադուլն անհապաղ դադարեցնելու խնդրանք եւ հորդոր ենք հղում քեզ:

Այսօր եւեթ հետ կանգնիր իմաստազուրկ (եթե ոչ վնասակար) այդ գործելակերպից ու ակտիվորեն, անկեղծաբար, ճշմարտաբար համագործակցիր նախաքննությունն իրականացնող մարմնի հետ:

Միայն այդպես…

Վաղուց խաթարված առողջությունդ նոր փորձության մի ենթարկիր:

Հավատացած եղիր՝ չի կարող, ի վերջո, քեզ վերագրվի մի արարք, որի համար հիմնավոր ապացույցներ, փաստարկներ չլինեն:

Տեղյակ եղիր նաեւ՝ մենք, նաեւ հազարավոր սյունեցիներ, շարունակում ենք հավատալ քեզ, շարունակում ենք հավատալ քո անմեղությանը, քանի դեռ ապացուցված չէ այդ ամենը դատարանի ուժով:

Այսօր էլ դու մեր ընկերն ես ու բարեկամը, ինչպես եղել ես տասնամյակներ շարունակ: Ու կլինես այդպիսին՝ անկախ գործի ընթացքից:

Դու մեր պատկերացումներում միշտ եղել ես իբրեւ ուժեղ կամքի տեր, անընկճելի անձնավորություն, երկրի պատվարժան քաղաքացի:

Այդպես էլ պետք է լինես այսօր ու այսուհետ:

Մենք կխռովենք ու կլռենք, եթե չդադարեցնես հացադուլը…

Սամվել Ալեքսանյան

Աշոտ Մինասյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: