01/12/2025

Հարգեցին զոհերի հիշատակը

Հարգեցին զոհերի հիշատակը

Դեկտեմբերի 7-ին Սպիտակյան երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները մարզկենտրոն Կապանում սկսվեցին Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ հոգեհանգստյան պաշտոն կատարվեց: Այնուհետեւ մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Սպիտակյան երկրաշարժի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին, հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին: 

Ժամը 13:00-ին Սպիտակյան երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնում, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախ  հնչեց Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Կարվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգը, որպես օրհներգ երկրաշարժի անմեղ զոհերի: Հիշատակի խոսք ասաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան  քահանա Հեբոյանը: Ներկայացվեցին թվեր եւ փաստեր, աղետից հետո ստեղծված Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման պատմությունը, որ ինտեգրվեց ոլորտի միջազգային կառույցներում: Հայ ազգի զարթոնքը խորհրդանշող պարային համարներով հանդես եկան Կապանի արվեստի մանկական դպրոցի եւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պարուհիները: Ցուցադրվեց տեսաֆիլմ երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ եւ աղետից հետո անվտանգության վարքականոններին առնչվող: Ցերեկույթի ավարտին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության» տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի հարավային տարածաշրջանային կենտրոնի պետ  Կիմ Բադալյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար:

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: