08/09/2022

Հանրային քննարկումն ի վերջո կայացավ

 Հանրային քննարկումն ի վերջո կայացավ

Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կապան խոշորացված համայնքում նախատեսվող նավթի եւ գազի բնական պաշարների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը, որը երկրաբանահետախուզական  աշխատանքներին էր վերաբերում:  Ի տարբերություն նոյեմբերի 5-ին անցկացված քննարկման՝ այս անգամ այն չտապալվեց, բայց չի կարելի ասել, որ անցավ խաղաղ պայմաններում: Ընկերության ներկայացուցիչներն իրենց փաստարկներն էին փորձում հիմնավորել, բնապահպանական ակտիվիստներն էլ՝ իրենցը: Առաջինները պնդում էին, որ Հայաստանում նավթ ու գազ հայտնաբերելու դեպքում մեր երկիրը էներգետիկ անկախություն է ձեռք բերելու, երկրորդները ասում էին, որ առանց այն էլ հանքարդյունաբերական ձեռնարկություններով հագեցած Սյունիքը բնապահպանական նոր խնդիրներ է ունենալու: Եղավ նաեւ խնդրո առարկայի առնչությամբ հանրաքվե անցկացնելու առաջարկ, ինչպես նախորդ հանրային քննարկման ժամանակ: 

«Ագապե» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Քրիստինե Վարդանյանը, եւս մի անգամ ներկայացնելով ընկերության գործունեությունը, ներկաներին տեղեկացրեց, որ այս փուլում լինելու են միայն սեյսմահետախուզական աշխատանքներ: Իսկ հորատում՝ նավթ արդյունահանելու համար հետագայում եւս չորս հանրային քննարկում կպահանջվի: 

«Եթե դրական եզրակցություն լինի, որ Կապանի համայնքում կա հեռանկարային տարածք, միայն դրանից հետո ծրագիր է մշակվելու, եւ չորս փուլով հանրային լսումներ են լինելու՝ ստույգ մի համայնքի կամ տարածաշրջանի համար, որտեղ հորատանցքը պլանավորվելու է փորել»,  ասաց Ք. Վարդանյանը: Նրան հակադարձեց իրավաբան Արշավիր Խալափյանը՝ ասելով, որ ոչ հեռու անցյալում նույն մեղմ հնչերանգով, հանգստացնող տոնով ներկայացվում էր Կապանի տարածաշրջանում ուրանի արդյունահանման նպատակով լեռնահետախուզական աշխատանքների մասին, բայց կապանցին իրեն բնորոշ իմաստությամբ կանխեց այդ ծրագիրը: Նա կոչ արեց նույն կերպ վարվել նաեւ այս ծրագրի դեպքում:

Այնուամենայնիվ, ընկերության փաստարկները չէին բավարարում բնապահպանական ակտիվիստներին եւ նրանք համերաշխորեն լքեցին դահլիճը:  Իսկ ներսում եղողներին մնում էր հանրային լսումը հասցնել տրամաբանական ավարտին:  Ընդ որում՝ այս անգան Կապան խոշորացված համայնքում նավթ ու գազ արդյունահանելու կողմնակիցներն ավելի շատ էին: Ինչեւէ, հանրային լսումը կայացած համարվեց:  Կապան խոշորացված համայնքում նավթ ու գազ հետազոտման թույլտվություն կտա՞ն, թե՞ ոչ: Հարցին  պատասխան կտա բնապահպանության նախարարությունն իր եզրակացությամբ: 

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: