01/12/2025

Մաքսիմ Հակոբյանն իր մշտնջենական հանգրվանը գտավ Քաջարանի քաղաքային գերեզմանոցում

Մաքսիմ Հակոբյանն իր մշտնջենական հանգրվանը գտավ Քաջարանի քաղաքային գերեզմանոցում

2018թ. դեկտեմբերի 12-ին Սյունյաց աշխարհը հրաժեշտ տվեց անկախության շրջանի իր մեծագույն զավակներից մեկին՝ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանին:

Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին, հարյուրավոր կապանցիներ Կարմրաքարում դիմավորեցին Մաքսիմ Հակոբյանի աճյունը Երեւանից տեղափոխող թափորին:

Մինչ այդ սգո թափորին դիմավորել էին Գորիսի մուտքի մոտ:

Մաքսիմ Հակոբյանի աճյունը տեղադրվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որի կառուցմանը բացառիկ ակտիվ մասնակցություն էր ունեցել նորոգ հանգուցյալը:

Ժամը 17:00-ին սկիզբ էր առել հոգեհանգստյան արարողությունը:

Աստծո այդ տաճարն իր շուրջն էր խմբել հազարավոր սգախռով մարդկանց ոչ միայն Կապանից, այլեւ Մեղրուց, Սիսիանից, Գորիսից, մայրաքաղաքից, ինչպես եւ հանրապետության այլ վայրերից:

Այնուհետեւ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահն ընթերցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական գիրն՝ ուղղված սգակիր Հակոբյան ընտանիքին:

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Մաքսիմ Հակոբյանի սգո թափորը Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց շարժվել է Քաջարան քաղաք:Քաղաքային գերեզմանատանը տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն:

Դամբանական խոսքով հանդես է եկել Քաջարանի քաղաքապետ (2002-2016թթ.) Վարդան Գեւորգյանը՝ ներկայացնելով Մաքսիմ Հակոբյանի կյանքն ու գործունեությունը, նաեւ նրա անուրանալի վաստակը՝ մատուցած Հայաստանի Հանրապետությանը, ինչպես եւ Սյունյաց աշխարհին:

Դամբանախոսը երկրամասի բնակիչների անունից ցավակցություն հայտնեց սգակիր Հակոբյան ընտանիքին՝ անդառնալի այս վճռի ու կորստյան առիթով:

Մաքսիմ Հակոբյանը հողին հանձնվեց ընտանեկան գերեզմանատանը, որտեղ ննջում է հանգուցյալի կինը՝ երջանկահիշատակ Լաուրա Հարությունյանը, ով երկրային կյանքին հրաժեշտ էր տվել 2002 թվականին՝ 45 տարեկանում:

Թող Մաքսիմ Հակոբյանի խոնջավաստակ մարմինը հանգչի խաղաղությամբ, եւ թող Տերը նրա հոգին ընդունի երկնային օթեւանում:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: