01/05/2026

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Ա. Հարությունյան

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Ա. Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել՝ այն ընդլայնելու համար: ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հանրակրթության ոլորտում  առկա են որոշակի խնդիրներ՝ հատկապես մարզերում մասնագետների պակասի տեսանկյունից: Ներկայումս դպրոցի շրջանավարտների քննադատական մտածողությունը, իրավունքների և պարտականությունների ընկալումը ցածր մակարդակի վրա է: Այդ առումով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնագետների ներգրավումը տեղերում կարևոր խնդիր է լուծում. այնտեղ, որտեղ նրանք գնացել են աշխատելու, միջավայր է փոխվել, որն էլ իր հերթին փոխել է ուսուցչին, ծնողին  և համայնքը: Այս ծրագրի շրջանավարտներն ունեն առաջնորդներին հատուկ հմտություններ, որոնք  ձևավորում են քննադատական, վերլուծական մտածողությամբ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող  ազատ քաղաքացի: Ձեռք բերելով այս հմտությունները՝ աշակերտը դառնում է գլոբալ աշխարհի մի մասնիկ: Մեր իրականացրած բարեփոխումները հստակ արդյունքներ կարձանագրեն միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, և վստահեցնում եմ, որ հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու»,-նշել է նախարարը:

Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականից «Դասավանդի՛ր, Հայաստանը» սկսել է իր համագործակցությունը «Teach For All»-ի հետ: Այն 40 անկախ ազգային կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է ընդլայնել կրթական հնարավորությունները բոլոր երեխաների համար: «Դասավանդի՛ր, Հայաստանի» ղեկավարն առանձնացրել է կազմակերպության գերակայությունները, որոնց թվում են՝ համայնքների հետ սերտ աշխատանքը և համայնքի զարգացման ծրագիրը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի «Teach For All»-ի տարեկան գլոբալ համաժողովը, որին նախատեսվում է 400-500 պատվիրակների մասնակցություն:

 

 

edu.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: