01/06/2026

Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը. դրանք կվերակառուցվեն, կամ կկառուցվեն նորերը

Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը. դրանք կվերակառուցվեն, կամ կկառուցվեն նորերը

Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց:

Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության նիստում Տարածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գործադիրի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։

Ըստ նրա՝ ներկայումս շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում՝ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից` 5 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում (Երևանի թիվ 6, 18 և 51 դպրոցներ, Հերացու անվան ավագ դպրոց, Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիր):

«Սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը խնդրում եմ հաստատել և ապահովել կա՛մ վերակառուցումը կամ ամբողջությամբ կառուցումը»,- ասաց Պապիկյանը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ նոր դպրոցներ կառուցելիս որդեգրվել է մի մոտեցում, որ պետք է կառուցվեն մոդուլային դպրոցներ: Նրա խոսքով, դրանք եւ էսթետիկապես ավելի լավն են, եւ հոգեբանական մթնոլորտը շատ ավելի նպաստավոր է կրթության եւ երեխաների աշխարհընկալման զարգացման համար նույնիսկ գունային լուծումների առումով:

«Կախված աշակերտների թվից, համայնքից, մոդուլներով կարող են զանազան կառույցներ հավաքվել: Գիտեք, որ ունենք ռազմավարություն՝ կենտրոնացնել համայնքային կյանքը դպրոցների շուրջը, ոչ միայն դպրոցական, այլեւ մշակութային, սպորտային կյանքը: Մոդուլային տարբերակը այս նպատակին է ծառայելու: Ունենք նաեւ որոշում, միայն ծայրահեղ անհնարինության դեպքում կառուցել ավանդական դպրոցներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: