01/07/2026

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 16:00-ին:

Այս մասին դատական նիստերի դահլիճից դուրս գալիս ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ Արմեն Գեւորգյանը դատարանում հայտարարությամբ է հանդես եկել, սակայն դրա բովանդակությունը չներկայացրեց, չպատասխանեց նաեւ հարցին՝ թե կալանավորման միջնորդության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, թե՝ ոչ: Ըստ պաշտպանի՝ եթե քննիչի կողմից Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվի, այսինքն՝ նա շարունակվի գտնվել ազատության մեջ, ապա Գեւորգյանը հանդես կգա հայտարարությամբ եւ կտա պարզաբանումներ:

Պաշտպանը նշեց, որ իրենց կողմից առարկություններ են ներկայացվել քննիչի միջնորդության մեջ նշված հանգամանքների դեմ՝ անդրադառնալով նաեւ հիմնավոր կասկածին: Նշենք, որ ավելի վաղ պաշտպանը նշել էր, որ ըստ քննիչի միջնորդության, Գեւորգյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:

«Մենք ներկայացրինք փաստարկներ եւ ապացույցներ, որ ազատության մեջ մնալու դեպքում Գեւորգյանը պատշաճ վարքագիծ կդրսեւորի»,- ասաց Ալեքսանյանը:

Նշենք, որ դատական նիստի ընթացքին հետեւող լրագրողների համար պարզ էր, որ նիստը լարված է ընթանում, քանի որ պարբերաբար դատարանի դահլիճից բարձր ձայներ էին լսվում: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանը նշեց. «Մեր ձայներն էին լսվում, մենք առարկություններ էինք ներկայացնում, ապացուցում էինք, որ Գեւորգյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքներին»:

Պաշտպանը նշեց, որ ներկայացրել է նաեւ գրավի միջնորդություն, սակայն գրավի չափ չեն նշել: Մեր հարցին ի պատասխան նա նշեց նաեւ, որ քննիչը առարկել է գրավի միջնորդության դեմ:

Մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաստահավաք խմբում տեղեկություններ էին շրջանառվում, որ Արմեն Գեւորգյանը, որը զբաղեցնելիս է եղել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, Մարտի 1-ի ցերեկը միջազգային կառույցների հետ տեղի ունեցած բանակցություններին մասնակցել է որպես իշխանության ներկայացուցիչ: Մեր այս դիտարկմանը պատասխանելով՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին եւ դրա վերաբերյալ տեղեկություն չի կարող հայտնել: Պաշտպանը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Գեւորգյանը տեղյակ եղել է արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի ստորագրած հրամանագրին եւ 0038 գաղտնի հրամանի բովանդակությանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 3-ին «Օրակարգին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ  վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր (նախկին) Վալերի Պողոսյանի վրա։

Ալեքսանյանն արձագանքելով այս հայտարարությանը՝ ասաց, որ թեեւ ինքը այդ հրապարկմանը ծանոթ չի եղել, բայց եթե նման բան է ասվել, ուրեմն չպետք է մոռանալ անմեղության կանխավարկածի մասին: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր նման հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաեւ որոշակի ազդեցություն կարող է թողնել հասարակության վրա, որոշակի ատելություն մտցնել հասարակության մեջ, որը իր ազդեցությունը կարող է թողնել նաեւ պետական համակարգի վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը) եւ արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որն այսօր քննվում էր:

armtimes.com

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: