05/28/2022

Ոչ մի օսմանցի թող չկարծի, թե անանուն եւ շինծու նյութեր շաղ տալով՝ սյունեցիների աչքից դույզն ինչ կգցի Սմբատ եւ Անուշ Օրբելյաններին

Ոչ մի օսմանցի թող չկարծի, թե անանուն եւ շինծու նյութեր շաղ տալով՝ սյունեցիների աչքից դույզն ինչ կգցի Սմբատ եւ Անուշ Օրբելյաններին

Դեկտեմբերի 4-ին սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրվել մի հոլովակ, որն արտառոց  վերնագիր է կրում՝ «Մի կոռումպացված ընտանիքի մասին»:

Որքան էլ զարմանալի է՝ ծպտված հեղինակները նկատի են ունեցել Սմբատ Օրբելյանի բարեհամբավ ընտանիքը:

Հազարավոր սյունեցիների ընկալումների մեջ, մինչդեռ, Սմբատ  եւ Անուշ Օրբելյաններն ընդգծված հարգանք վայելող անձնավորություններ են, այդ ընտանիքը շարունակում է   մեծ հարգանք  վայելել անանուն հոլովակը տարածելուց հետո:

Բազմաթիվ մարդիկ տեսանյութն արդեն իսկ գնահատում են որպես պատվիրված նյութ, ստոր հերյուրանք:

Եվ, այդուհանդերձ, ցանկացանք մի քանի հարց ուղղել Սմբատ Օրբելյանին:

- Սկսենք նրանից, որ Ձեզ  բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատել են 2017թ. հունվարին, տեղյակ ենք նաեւ, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի այդ կարգադրությունը Սյունիքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում գնահատվել է որպես ապօրինի ու չեղարկվել, ընդ որում՝ Սյունիքի մարզպետարանը չի բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: Ճի՞շտ է այս տեղեկատվությունը:

- Նախ՝ հակիրճ անդրադառնամ տեսահոլովակին: Այդտեղ նշվածը ճշմարտության հետ աղերս ունի միայն անուն-ազգանունների մասով: Մնացյալը՝ ծայրից ծայր, ստահոդ եւ անգրագետ ձեւակերպումներով հորինվածք է: Ինչ վերաբերում է աշխատանքից իմ ազատմանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մարզպետի կարգադրությունը ճանաչել է ապօրինի, որը վերահաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից: 

- Տեսանյութի մեջ այսպիսի ձեւակերպում կա՝ հինգ մահվան դեպք քսան օրում… Քանի որ մենք մասնագետ չենք, ուստի եւ չենք ուզում սիրողական մակարդակի  եզրակացություն անել. արդյո՞ք  այդ մահացությունների  առիթով քրեական գործեր են հարուցվել:

- 35 տարի աշխատել եմ Կապանի հիվանդանոցում, եւ չի եղել մի դեպք, երբ կողք կանգնեմ, յուրաքանչյուր դեպքի համար ինձ պատասխանատու եմ համարել:

Ձեր նշած ժամանակահատվածում  եղել եմ արձակուրդում: Բայց դա այլ խնդիր է…

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նշված դեպքերից ոչ բոլորի առիթով են քրեական գործեր հարուցվել, իսկ հարուցված գործերն էլ արդեն իսկ կարճվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Բնականաբար, այդ ամենին նախորդել են դատաբժշկական փորձաքննություններ:

- Իսկ տեսանյութում ակնհայտ այդ իրողությունը շրջանցվում է:

- Մի բան է ինձ հետաքրքրում. ո՞վ է ակնհայտ ստի վրա մոգոնել այդ տեսանյութը, ո՞վ է այդ հորինվածքի վրա փող ծախսել ու գրագիտության առումով ողորմելի ու ծիծաղելի արդյունք գրանցել: Թեպետ այն էլ ասեմ՝ երեւում է, թե ում ականջներն են այդ տեսանյութի հետեւում: Ու այդքանից հետո, կրկնում եմ, բացառիկ անգրագիտություն եւ տգիտություն… Ի՞նչ է ասվում տեսանյութում. երեխային հոգնա են արել, եւ նրա ստամոքսը պոկվել է ու տեղաշարժվելով հանգեցրել թոքերի աշխատանքի խաթարմանը: Նման հիվանդ երեւակայությունն իբրեւ փաստ հրամցնել եւ դնել շրջանառության մեջ… Ենթադրվել է, որ հանրության մի մասը կկարդա եւ ախ ու վախ կանի: Ապշելու բան է, ցնդաբանություն…

- Եթե այդ մահացությունների շարքը փորձենք համեմատել Ձեր պաշտոնաթողումից հետո անցած ժամանակահատվածում Կապանի հիվանդանոցում կատարվածի հետ կամ միջին հանրապետական ցուցանիշի հետ, ի՞նչ պատկեր կունենանք:

- Այդ հիվանդանոցն իմ հարազատ օջախն է եղել, եւ ամենեւին այն կարծիքին չեմ, որ  մի մարդու գնալով կամ գալով մահացությունների թիվն ավելանում կամ պակասում է, նաեւ այնպես չէ, որ Կապանի բժշկական կենտրոնում մահացության հետ կապված խնդիրներ են եղել ու կան, որոնք մեծ մտահոգության տեղիք են տվել կամ տալիս: Համենայն դեպս՝ ոչ մեկը, խոսքը նախեւառաջ առողջապահության նախարարության պատասխանատուների մասին է, տագնապ չի հնչեցրել երբեւէ: Սակայն ցավալի դեպքեր լինում են: Ինքնաթիռի աղետից էլ 300 մարդ է մահանում: Պարզապես եղավ ցավալի դեպքերի մի շարք, ինչը որեւէ մեկը չէր ցանկանա…

- Անանուն տեսանյութի մեջ խոսվում է  18-ամյա բնակչուհու մասին, ում հանդեպ իբր բժիշկներից մեկը ոգելից խմիչքի ազդեցության ներքո սեռական ոտնձգություն է կատարել:

- Նախ՝ Ձեր նկարագրած դեպքը եղել է այն ժամանակ, երբ աշխատանքից արդեն ազատված էի:Անանուն տեսանյութի պատվիրատուին հավանաբար պետք էր այդպիսի մի բեմադրություն, թե տեսեք՝ աղմկահարույց դեպքի առնչությամբ ենք տնօրենին պաշտոնից ազատել: Ուստիեւ՝ չեմ հավատում այդ ամենին, դա միանշանակ շինծու գործ է: Այդ անձնավորությունը, ում վերագրվում է վերոնշյալը, լավ բժիշկ էր, վատ համբավ չուներ, պարզապես հակում ուներ ալկոհոլի հանդեպ: Միասին աշխատելու ընթացքում բազմիցս նրան հորդորել եմ հեռու մնալ խմիչքից:

Եւ մի հանգամանք էլ, որ բնավ երկրորդական չէ. նրանք, ովքեր (իմ կարծիքով) կազմակերպեցին այդ սրբապղծությունը կամ դավադրությունը, պաշտոնի առաջխաղացում ունեցան հետո: Նրանց մատուցած արջի ծառայությունը փոխհատուցվեց պաշտոնի բարձրացմամբ: Ի դեպ, պաշտոնի առաջխաղացում է ունեցել նաեւ անաշխատունակության թերթիկի վաճառք-բեմադրության դերակատարը: Պարզապես ցավում եմ, որ այդ խաղերի հետեւանքով Կապանի բժշկական կենտրոնի վրա, թեկուզ եւ ժամանակավորապես, ստվեր ընկավ, նրա հեղինակությունը խաթարվեց:

- 18-ամյա աղջկա հետ կապված փորձաքննություն արվե՞լ է, թե՞ ոչ. կարծիք է շրջանառվում Կապանում, թե այդ դեպքը փորձաքննությամբ չի հաստատվել, եւ աղջիկը չի ունեցել ապացույց՝ իր հանդեպ սեռական ոտնձգությունը հաստատող:

- Այդ խնդրին ծանոթ եմ այնքանով, որքանով զրուցել եմ բժշկի հետ: Տեղյակ եմ նաեւ, որ ազատազրկումից համաներմամբ ազատվելուց հետո նա շարունակելու է իր իրավունքների պաշտպանությունը ու նաեւ դիմելու է համապատասխան ատյաններ՝  իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը վերականգնելու պահանջով:

- Տեսանյութում նշվում է, թե իբր Ձեր պաշտոնավարման օրոք թույլ եք տվել բազմաթիվ սխալներ, եւ մասնավորապես Ձեզ մեղադրում են  օնկոլոգիական հիվանդներին անվճար հասանելիք դեղորայքի վաճառքի մեջ:

-Իմ աշխատանքից  ազատվելուց հետո մարզպետի կողմից տասնյակ ստուգումներ են իրականացվել հիվանդանոցում, եւ այնպես չէ, որ ստուգողներն  իմ բարեկամներն են եղել: Վստահեցնում եմ՝ եթե մի փոքր բացթողում, թերացում գտնեին, ինձ պատասխանատվության կենթարկեին օրենքի ամբողջ խստությամբ:

- Կարող ե՞ք նույնն ասել անաշխատունակության թերթիկների հետ կապված բամբասանքի առնչությամբ:

- Գիտե՞ք, հենց որ կոռուպցիայի մասին խոսում են, խորհրդային ժամանակներից սկսած,  առաջինը մատնանշում են՝ բժիշկներ, ուսուցիչներ… Տեսանյութի հեղինակները  հնարել են վարկած, թե իբր Սմբատ Օրբելյանն ստեղծել է հանցավոր մի խումբ, որն անաշխատունակության թերթիկներ է վաճառել: Մեծագույն սուտ է, մարդիկ իրենց արշինով են ամեն ինչ չափում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին ինձ, եթե նման մի փաստ հայտնաբերեին:

- Նույնը կարող եք ասել ապօրինի վճարովի հիվանդասենյակների՞ մասին, ինչպես ձեւակերպված է  անանուն տեսանյութի մեջ:

-Այդպիսի բան մեր հիվանդանոցում չի եղել երբեք: Վճարովի հիվանդասենյակ հասկացություն եղել է շատ կարճ ժամանակ՝ յոթ-ութ տարի առաջ, որից հետո այդ ծառայությունը փակվել է: Մի հետաքրքիր նկատառում՝ այդ առիթով. տեսանյութի մեջ ինձ փորձել են վերագրել այն, ինչ տեսականորեն կամ ոմանց հիվանդ երեւակայությամբ  հնարավոր է վերագրել  բժշկական որեւէ հիմնարկի:

- Տեսանյութում նշվում է, որ բժշկական կենտրոնի դիահերձարանի կազմում գործում էր սգո սրահ, առանց որի ծառայությունների դիահերձումը գրեթե անհնարին էր:

-Թող մի դեպք վկայակոչեն… Որքան անբարոյական պիտի լինի մարդ, որ դիմի այդ քայլին, մանավանդ բժիշկը, ում գործունեությունը մարդկային ճակատագրերի հետ  է կապված… 

Պատվիրատուն, ինչպես երեւում է այդ դրվագում եւս, պատրաստ է եղել նույնիսկ խաղալ ննջեցյալների հարազատների ու մերձավորների զգացմունքների հետ, մեր ավանդույթների, մեր սրբությունների հետ, միայն թե…

Ի վերջո Կապանում բոլորը գիտեն, թե ովքեր են նման ծառայություն իրականացնում տարածաշրջանում:

- Տեղափոխվենք այլ ոլորտ,  տեսանյութի մեջ կարծես թե մեղադրանք կա որոշ լրատվամիջոցների հասցեին, այնտեղ նաեւ «Սյունյաց երկիր» թերթի  գլխագիրն է ի ցույց դրվում, եւ հոդվածների վերնագրեր կան: Հետաքրքրականն այն է, որ վերնագրերը կան, բայց թե վերնագրերի տակ ինչ է գրված, չեն ցանկացել ցույց տալ կամ ընթերցել: Ըստ երեւույթին ձեռնտու չի եղել հրապարակել այդ հոդվածների բովանդակությունը: Ծպտյալ հեղինակները նկատի են ունեցել նաեւ «Հայելի» հաղորդաշարի՝ իբր կողմնակալ պահվածքն ու փորձել կապ ստեղծել Ձեր ու Սահմանադրական դատարանի նախագահի միջեւ:

- «Հայելի» հաղորդաշարում որեւէ անգամ չեմ հյուրընկալվել, այդ հաղորդաշարը, որքանով տեղյակ եմ, երբեք չի անդրադարձել Կապանի հիվանդանոցին. տեսանյութի այդ դրվագը նույնպես մանիպուլյացիա է: Հրայր Թովմասյանին մեծապես հարգում եմ, ճանաչել եմ այն ժամանակ, երբ որդիս՝  Արամ Օրբելյանը, աշխատում էր արդարադատության նախարարությունում, եւ տղայիս հարսանիքի քավորն է եղել: Ընդամենն այսքանը: Մնացյալն իրականության հետ հեռավոր աղերս չունեցող վայրահաչություն է…

Միեւնույն ժամանակ ափսոսում եմ, որ տարածված նյութում անհիմն կերպով շահարկվել է ինձ համար շատ հարգելի մարդկանց անունը:

- Մի բան եւս մնում է չպարզաբանված. ինչո՞ւ տեսանյութը հանրությանը ներկայացվեց  հենց այս պահին, երբ Ձեզ՝ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց անցել է երկու տարի: Եւ հանկարծ ինչ-որ ծպտված մարդիկ հիշում են Սմբատ Օրբելյանին ու գրոհում  ոչ միայն նրա, այլեւ նրա ընտանիքի  անդամների վրա:

- Այդ ամենի պատվիրատուն հայտնի է: Ինձ համար միանգամայն պարզ է, թե ով է մոգոնել այդ տեսանյութը, նա նաեւ վճարել է այն կայքերին, ովքեր տեսանյութը դրել են շրջանառության մեջ: Եվ ինչո՞ւ այս պահին… Կրտսեր որդիս՝ Արթուրը, ով տնտեսագիտության մեջ համարում ունի հանրապետությունում, վերջերս վերլուծություններ է արել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված. այդ վերլուծությունները, մի քանի տեսանյութով, նույնպես շրջանառության մեջ են դրված: Դրանցում տեղ գտած փաստարկները ողջամիտ կասկած են առաջացնում ինչ-ինչ հանցավոր արարքների վերաբերյալ: Եւ ովքեր կատարել են ենթադրյալ այդ հանցանքները, պետք է Արթուրի տեսահոլովակներին պատասխանեին «համարժեք» քայլով…

- Ձեր ասածից ենթադրելի է, եւ դա Սյունիքում շատ-շատերի կարծիքն է, որ անանուն տեսանյութ-վայրահաչությունը չէր ծնվի, նման ակտիվությամբ շրջանառության մեջ չէր դրվի, եթե մի քանի օր առաջ Արթուր Օրբելյանը  տեսանյութերով չբարձրաձայներ ենթադրյալ չարաշահումների մասին, որ կատարվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջերս կազմակերպած դրամահավաքի ժամանակ հանգանակվեց 11 միլիոն դոլարից քիչ ավելի գումար: Եւ դա համարում ենք համայն հայության ներդրումը մեր պետականաշինության գործում: Իսկ Արթուր Օրբելյանը, ելնելով տնտեսագիտական հաշվարկներից, խոսում է մի ձեռնարկությունում դրանից քառասնապատիկ անգամ ավելի միջոցների հնարավոր անհետացման մասին… Եվ ոչ մի արձագանք: 

- Ի՞նչ կուզենայիք ավելացնել ասվածին:

- 35 տարի բուժսպասարկման ոլորտում ծառայել եմ իմ ժողովրդին: Չի կարող գտնվել մի մարդ, ով կարող է ասել, թե Սմբատ Օրբելյան բժիշկն իր հետ շահադիտական նպատակներով հարաբերությունների մեջ է եղել: Իմ մանագիտության մեջ եղել եմ արդար եւ ազնիվ, նույնը՝ իմ գործընկերների հետ փոխհարաբերություններում: Ինչո՞ւ եմ սա ընդգծում: Չեմ կարող հիասթափությունս չհայտնել այն մարդկանց հանդեպ (Կապանի բժշկական կենտրոնի իմ որոշ գործընկերների մասին է խոսքը), որոնց ժամանակին հնարավոր եւ անհնար օգնությունն եմ ցուցաբերել ու աջակցել ամենատարբեր հարցերում: Բայց որեւէ մեկն ինչ-որ ձեւով չարձագանքեց ստի եւ  զրպարտության այդ արշավին: Չէ՞ որ խոսքը ոչ միայն իմ ընտանիքի, այլ մեծահամբավ կոլեկտիվի մասին է:

Մի դիտարկում էլ. այդ տեսանյութ-վնգստոցի հեղինակները մեզանից լավ գիտեին եւ գիտեն, որ մատնանշված «հանցանքները»՝ ինձ վերագրվող, գոյություն չունեն եւ չեն ունեցել ընդհանրապես:

Ընդամենը պետք էր աղմուկ, պետք էր շոու, պետք էր հանրության ուշադրությունը շեղել այն ամենից, ինչ կատարվել է Սյունիքում:

Եւս մի կարեւոր հանգամանք. եթե որեւէ մեկը պատասխանատվություն ստանձնի այդ տեսանյութի համար (իբրեւ հեղինակ կամ տեղեկատվության լեգիտիմ աղբյուր), ապա հենց վաղը կհարուցենք դատական հայց՝ տեսանյութի զրպարտչական էությունն ապացուցելու համար:

- Շնորհակալություն զրույցի համար, Ձեզ՝ հաջողություն:

 

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: