01/08/2026

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Մեծ էկրաններին բարձրացավ առաջին հայկական մանկական հեքիաթը՝ «Ձյունանուշը»: Պրեմիերան կայացավ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվա կինոթատրոնում: Այսօրվանից այն ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմն արկածային է: Պատմում է երեխաների մասին, որոնք փորձում են կորած նամակները Ձմեռ պապին հասցնել ու ընկնում են արկածների մեջ: Աստղիկը ծանոթանում է իսկական Ձյունանուշի հետ: Նա ու Արթուրը, որոնք պատրաստվում են իրենց դպրոցի ամանորյա հանդեսին, Ձյունանուշին են տալիս նամակները, որպեսզի նա փոխանցի Ձմեռ պապին: Հենց այն պահին, երբ Ձյունանուշը փորձում է անել դա, նրանք 3-ով կախարդական դռան միջոցով պատահմամբ Ձմեռ պապի աշխարհի փոխարեն հայտնվում են Շոֆլինների աշխարհում:

Ձյունանուշն ու Արթուրը գերության մեջ են հայտնվում, իսկ Աստղիկը վերադառնում է իր աշխարհ: Ի վերջո, նա կարողանում է գնալ Ձմեռ պապի աշխարհ ու պատմել նրան այդ մասին: Նա էլֆի հետ նորից է գնում Շոֆլինների աշխարհ, փրկում Արթուրին ու Ձյունանուշին, ու նրանք վերադառնում են՝ դպրոցական հանդեսին մասնակցելու: Նամակները Ձմեռ պապը ստանում է, եւ ամանորյա հրաշքը կատարվում է:

«Ձյունանուշը», որը հեղինակների խոսքով, հայկական առաջին մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմն է, ստեղծվել է «Հայասա ֆիլմ» ընկերության կողմից: Ռեժիսորն Արմեն Սիմոնյանն է: Պրեմիերային ներկա գտնվողներին այն դուր եկավ: Ֆիլմի ընթացքում երեխաներն ակտիվորեն արձագանքում էին դրանում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջում էլ նշեցին, որ հավանել են: Ծնողներն էլ ասացին, որ լավն է, ու երեխաներին կարելի է տանել՝ այն դիտելու:

Ֆիլմը նկարահանվել է անցած ձմռանը՝ 1 տարի առաջ: Ընդհանուր աշխատանքները 1 տարի են տեւել: Բուն նկարահանման պրոցեսը եղել է 24 օր՝ 20 օր ձմռանը՝ հիմնականում գիշերները, 4 օր ամռանը: Դերերում հանդես են եկել Շուշաննա Թովմասյանը (Ձյունանուշ), Էլեն Կարապետյանը (Աստղիկ), Լուիզա Ներսիսյանը (Աստղիկի մայրը), ինչպես նաեւ Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ ուրիշներ:

Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում, Կապանում: Մարզերում նաեւ անվճար ցուցադրություններ կլինեն: Անվճար ցուցադրություններ կլինեն նաեւ մանկատներում: Էկրաններին կլինի մինչեւ Հին Նոր տարին, դրանից հետո արդեն կախված կլինի հանդիսատեսի արձագանքից:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: