01/10/2026

Վալերիյ Օսիպյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ

Վալերիյ Օսիպյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ

Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունեց նախարար Գեորգի Գախարիան:

Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան կարևորեց Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:

Գեորգի Գախարիան հավաստեց, որ վրացական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը լինի առավել արդյունավետ և կրկին հաստատեց փոխգործակցության հետագա խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` կարևորեց հատկապես վերջին տարիների սերտ համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների արդյունքները: Հանցավորությունը չունի ազգություն ու սահմաններ, ընդգծեց Հայաստանի ոստիկանության պետը, և մեր իրավապահ կառույցների գործընկերության վաղեմի ու հարուստ փորձը վկայում է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր համարժեք հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին` արդարացնելով այն ակնկալիքները, որ իրավապահներից ունի հասարակությունը:
Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: