01/10/2026

Ռուսաստանի դեսպանը մեկնաբանեց Հայաստանում կենսալաբորատորիաների մասին հարցը

Ռուսաստանի դեսպանը մեկնաբանեց Հայաստանում կենսալաբորատորիաների մասին հարցը

Մոսկվան ու Երևանն այդ հարցում վերջնական պայմանավորվածություն չունեն։

Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում արտասահմանյան զինվորականների ներկայությունը բացառելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն առայժմ չկա։ Այսօր` դեկտեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որքան ինձ է հայտնի, երկու երկրների միջև, ինչպես նաև հետխորհրդային այլ երկրների հետ կենսալաբորատորիաների վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Կարծում եմ` բավականին կառուցողական երկխոսություն է ընթանում, կա փոխըմբռնում, չեմ բացառում, որ մենք ինչ–որ պայմանավորվածությունների կհանգենք», – ասաց դեսպանը։

Նա ավելացրեց, որ առայժմ պարզ չէ, թե երբ և ինչ պայմանավորվածություն կլինի։

Կոպիրկինը նշեց, որ ինչ–որ արգելքների մասին խոսք լինել չի կարող. խոսքը երկու ինքնիշխան և իրավահավասար պետությունների մասին է:

Ինչ վերաբերում է զինծառայողներին, ապա ՀԱՊԿ շրջանակում կա նման մոտեցում, երկրները պետք է հարցը համակարգեն կազմակերպության անդամ երկրների հետ։

Հիշեցնենք` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։

Նախարարը կարծում է, որ դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։ Լավրովի խոսքով` թեև Հայաստանն ու Վրաստանը ռուս դիվանագետների համար ազատ մուտք են բացել դեպի լաբորատորիաներ, այնտեղ պետք է ստուգումներ անցկացնեն մասնագետները, ոչ թե գերատեսչությունների ներկայացուցիչները։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: