01/12/2026

Սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում. նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը

Սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում. նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը

Հայաստանում հաստատված սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության շենքի դիմաց:  Նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Հայաստանը ոչ բոլոր երկրներում ունի դիվանագիտական ներկայացուցիչներ, բայց Սփյուռքի նախարարությունը կապի մեջ է եղել բազմաթիվ երկրների հայ համայնքների հետ, նրանց ձայնը լսելի դարձրել Հայրենիքում: Դրանից բացի, Սփյուռքի նախարարությունը կառավարությունում տարբեր առաջարկություններով է հանդես եկել, որոնց արդյունքում կարգավորվել կամ դյուրացվել են Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ կապված հարցերը:  Նրանք մտահոգություն են հայտնում այն մասին, որ Սփյուռքի նախարարության մինչև այժմ կատարած զգալի աշխատանքը զրոյացվում է: Դա այն դեպքում, երբ Հայաստանից դուրս մեծ թվով հայեր են ապրում: Ակցիայի մասնակիցները մտադիր են իրենց մտահոգությունները նամակի տեսքով ներկայացնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:

Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքի վարչության պետ Լևոն Անտոնյանըլրագրողների հետ զրույցում նշեց, որ  բազմաթիվ սփյուռքահայեր միացել են նախարարությունը պահելու կոչին:

«Այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստանում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից: Ներկայացուցիչները նշում են, որ նախարարությունը պետք է շարունակի իր գործունեությունը: Նախարարությունը պահելը շատ կարևոր խնդիր է: Մենք հանդիպում ունեցանք նախարարի հետ, ով փորձում է այս հարցը քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ: Վաղը նախատեսվում է նման քննարկում: Մենք կարծում ենք, որ առհասարակ ինստիտուտ չունենալը բավական լուրջ հետևանք կունենա: Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կան կետեր, որոնք առնչվում են Սփյուռքին: Սփյուռքի հետ աշխատանքի համար պետք է ունենալ ինստիտուտ, ոչ թե գերատեսչությունների առանձին բաժիններ: Մենք, Սփյուռքի հետ կապված, ունենք հստակ միասնական քաղաքականություն վարելու կարիք»,-ասաց Լևոն Անտոնյանը:

Նախարարության մի խումբ աշխատակիցներ ակցիայի մասնակիցների հետ ուղևորվեցին ՀՀ կառավարություն՝ նամակը փոխանցելու: Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն, ով ընդունեց նամակը:  

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: