05/28/2022

Մեկուկես ժամ Արամ Խաչատրյանի հետ

 Մեկուկես ժամ Արամ Խաչատրյանի հետ

Անցնող տարին Արամ խաչատրյանական էր, լրացավ հայ մեծանուն կոմպոզիտորի 115-ամյակը: Նա հայ ազգային առաջին՝ «Երջանկություն» բալետի, Հայաստանի Խորհրդային Հանրապետության օրհներգի հեղինակն է, Հայկական կինոերաժշտության հիմնադիրը. հանրաճանաչ գործերից են «Գայանե» եւ «Սպարտակ» բալետները, որոնք բեմադրվել են բազմաթիվ երկրների բալետային թատրոններում: Ըստ երաժշտագետների` Խաչատրյանի երաժշտությունը միայն այս երկու բալետի համար կարող է դասվել ամբողջ աշխարհում ամենաճանաչված դասական երաժշտության շարքին: Գրել է  երաժշտություն թատրոնի եւ կինոյի համար («Վալենսիայի այրին», Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», «Պեպո», «Զանգեզուր» եւ այլն):

«Արամ Խաչատրյանը դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ, դարձել է մեր քաղաքակրթության վկայականը»,-նրան այսպես է գնահատել Համո Սահյանը, իսկ ռուսական երաժշտության դասական Դմիտրի Շոստակովիչը գրել է. «Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջը, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի, ազգային պատկանելության, նորարական մտքի եւ միեւնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են»:

Տարվա ընթացքում  հայ նոր կոպոզիտորական դպրոցի հիմնադրի հիշատակի ոգեկոչման միջոցառումների պակաս չկար: Կապանի արվեստի քոլեջի փոխտնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվող «Դեկտեմբերյան երեկոներ» շարքից դասական երաժշտության համերգը «Արամ Խաչատրյան» խորագիրն էր կրում: Մասնակցում էին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Վահե Փարսադանյանը, Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու, դաշնակահար Արմեն Աղաջանյանը, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  նվագախմբի ջութակահար Նարեկ Սահակյանը, ինչպես նաեւ Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոսներ, ուսանողներ, երաժշտական եւ հանրակրթական դպրոցների դասատուներ եւ աշակերտներ: Երեկոն մեկնարկեց Արամ Խաչատրյանի «Վալսով»՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար  գրված  երաժշտությունից, Նարեկ Սահակյանի, Աշոտ Խաչատրյանի եւ Արմեն Աղաջանյանի կատարմամբ: N2 երաժշտական դպրոցի դասատու Արմենուշ Հովհաննիսյանը կատարեց կոմպոզոտորի «Երգ-պոեմ» ստեղծագործությունը,  իսկ քոլեջի ուսանող, միջազգային մրցույթի դափնեկիր Մհեր Ամիրջանյանը հնչեցրեց Արամ Խաչատրյանի «Լեզգինկան» (նվագակցող՝ Աստղիկ Գրիգորյան):

Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի «Տոկկատը»՝ Արմեն Աղաջանյանի (դաշնամուր) կատարմամբ, «Նոկտյուրնը»՝ «Դիմակահանդեսից» հնչեցրին Արման Մկրտչյանը (կլարնետ), Աշոտ Խաչատրյանը (թավջութակ), Յանա Ստեփանյանը (դաշնամուր), «Պարը»՝ Նարեկ Սահակյանը (ջութակ), «Օրորոցայինը»՝ «Գայանե» բալետից՝ Նարեկ Սահակյանը (ջութակ), Աշոտ Խաչատրյանը (թավջութակ), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր):

Համաշխարհային հռչակ են բերել կոմպոզիտորին երեք կոնցերտները, հատկապես ջութակինը: «Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին եւ նրա ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ բախտ չէի ունեցել ելույթ ունենալ» - ասել է կոնցերտի առաջին կատարող Դավիդ Օյստրախը: Այս համերգին ջութակի կոնցերտի 3-րդ մասը կատարեց Վահե Փարսադանյանը (նվագակցող՝ Արմեն Աղաջանյան): 

«Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին՝ լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են՝. պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցո՛ւյց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- ասել է Արամ Խաչատրյանը: Իբրեւ այս ամենի լեյտմոտիվ Կապանի N 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Եվա Հակոբյանն ասմունքեց Գեւորգ Էմինի «Մենք» ստեղծագործությունը:

Որպես երեկոյի ավարտ՝ հնչեց «Սուսերով պարը» «Գայանե» բալետից՝ Վահե Փարսադանյանի (ջութակ), Աշոտ Խաչատրյանի (թավջութակ), Արմեն Աղաջանյանի (դաշնամուր) կատարմամբ:

Երեկոն վարում էր արվեստի քոլեջի հայոց լեզվի եւ գրականության դասախոս Լուսինե Հարությունյանը: Համերգի ավարտին երեկոյի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց  Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ երեկոն հովանավորելու համար եւ քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին՝ երեկոյի կազմակերպման անմիջական աջակցության համար: Այս անգամ դահլիճում ներկայացված էին կապանցի գեղանկարիչ Բորիկ Մինասյանի աշխատանքները:

«Կապանը հիասքանչ քաղաք է, իսկ նրա հանդիսականը, անկասկած, երաժշտասեր է եւ երաժշտությունը գնահատող, արդեն մոռացել եմ, թե քանի անգամ եմ այստեղ հանդես եկել համերգներով, երեւի տարվա ընթացքում երկու անգամ լինում եմ Կապանում»,- «Սյունյաց երկրին» փոխանցեց դաշնակահար, երգեհոնահար  Արմեն Աղաջանյանը:

Վահրամ Օրբելյան




 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: