01/12/2026

Հայաստանի կաթողիկե եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Ծնունդը

Հայաստանի կաթողիկե եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Ծնունդը

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 25-ին, կաթողիկե աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Այն նշում են նաեւ Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետեւորդները: Վերջին տարիներին Կաթողիկե եկեղեցու հետևորդները ծննդյան տոները նշում են բավական մեծ շուքով: Մինչ դեկտեմբերի 25-ին մատուցվող ծննդյան ավետիսի պատարագը, կաթողիկե բոլոր համայնքներում դեկտեմբերի 24-ին երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որին մասնակցում են ընտանիքներով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 24-ին երեկոյան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում, եկեղեցու ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ: «Քրիստոսի մեծության մեջ մարդիկ կարողացան տեսնել իրենց փոքրությունը, Քրիստոսի անհունության մեջ՝ իրենց հունավորությունը, և Քրիստոսի մարդկության մեջ կարողացան տեսնել իրենց մարդկության չափը և Քրիստոսի Աստվածության մեջ կարողացան տեսնել այն հնարավորությունը, որ իրենք ևս կարող են դեպի Աստվածություն գնալ: Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք ինքներս մեզ, Իր լույսի մեջ ՝ մեր խավարը, Իր անբծության մեջ՝ մեր բծերը: Եվ մի՞թե սա տոն չէ»,-իր խոսքում նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Դեկտեմբերի 25-ին Ծննդյան սուրբ պատարագը մատուցվեց Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, եւ Արևելյան Եւրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ համար՝ որպես հայ կաթողիկե եկեղեցի, Քրիստոսի ծնունդը տոնում ենք այսօր, միևնույն ժամանակ, հունվարի 6-ին տոնում ենք Քրիստոսի Հայտնությունը, բայց մենք ամեն օր՝ Քրիստոսի ծննդից մինչ օրս պետք է տոնենք Քրիստոսի հայտնությունը, որ եկավ աշխարհ և մեզ փրկեց Աստծո-հոր հետ: Իմ մաղթանքս է Քրիստոսի բարեկամության մեջ ու հավատքով ապրել ողջ կյանքը»,-նշեց սրբազանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: