01/12/2026

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը կասկածվում են 31-ամյա հարսին դաժան ծեծի ենթարկելու մեջ. հարսը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը կասկածվում են 31-ամյա հարսին դաժան ծեծի ենթարկելու մեջ. հարսը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 21:20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետի տեղակալ Բախտագյուլյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Օվսաննա Դիլանյանն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է իրենց հսկողության տակ:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ Օ. Դիլանյանին ծեծի է ենթարկել ամուսնու հայրը՝ 55-ամյա Զավեն Ջավահիրյանը, նրա կինը՝ 54-ամյա Նազիկ Հովսեփյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ մինչ այդ տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկը գործի է դրել կոշիկ հագնելու թիակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովսեփյանն աշխատում է Վերիշեն գյուղի մշակույթի տանը՝ որպես ակումբավար:

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակից է եղել նաև Օ. Դիլանյանի ամուսինը՝ Սևակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: