01/12/2026

Կարագանդայի դեպքը կենցաղային քրեական երևույթ է, ազգամիջյան երանգ տալը բացառվում է. Շ. Քոչարյանի հայտարարությունը

Կարագանդայի դեպքը կենցաղային քրեական երևույթ է, ազգամիջյան երանգ տալը բացառվում է. Շ. Քոչարյանի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է Շավարշ Քոչարյանի հայտարարությունը՝ Կարագանդայի աղմկոտ դեպքի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է.

Բոլոր նրանք ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա նկատել։ Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։

Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ:

Այս հորդորը շարունակում է արդիական մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար:

ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են: Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: