01/12/2026

Զոհրաբ Մնացականյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարն ընդգծել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ազգամիջյան ներբերանգ տալու անթույլատրելիությունը

Զոհրաբ Մնացականյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարն ընդգծել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ազգամիջյան ներբերանգ տալու անթույլատրելիությունը

Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի  պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլանման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերատակարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: