01/12/2026

Հովսեփ Էմինը հայտնվել է Հնդկաստանի չորս ականավոր ճանապարհորդների շարքում

Հովսեփ Էմինը հայտնվել է Հնդկաստանի չորս ականավոր ճանապարհորդների շարքում

Ասիայի հնագույն թերթերից մեկը` The Daily Star–ը, հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինին ներառել է Հնդկաստանի ականավոր ճանապարհորդների ցուցակում։

Հնդիկ չորս ականավոր ճանապարհորդների ցուցակը կազմել է Բանգլադեշի ամենաընթերցվող թերթը`  The Daily Star–ը։

Հովսեփ Էմինը` հայ ազատագրական շարժման հիմնադիրներից մեկը, հայտնվել է այդ ցուցակում։

Պարբերականը պատմել է հայտնի հայի կյանքի երեք դրվագների մասին։ Էմինը ծնվել է Իրանում` Համադան քաղաքում, հայ վաճառականի ընտանիքում։

Պետք է նշել, որ չնայած Հովսեփի հայկական ծագմանը, թերթը նրան անվանում է «հնդիկ ճանապարհորդ» և Լոնդոնից Կալկաթա մշտագնացներից մեկը։ Ի դեպ, Կալկաթայում հայ համայնքը առևտրական լայն գործունեություն է ծավալել։ Հոդվածի համաձայն, Էմինը երկար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, որից հետո որոշել է հաստատվել Հնդկաստանում 1770թ–ին։

«Էմինն իր հուշերում նկարագրել է իր բազմաթիվ և վտանգավոր ճանապարհորդությունները։ Գիրքը կոչվել է «Հովսեփ Էմինի կյանքը և արկածները»։ Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1792թ–ին։ Նա մահացել է Կալկաթայում 1809թ–ին», – գրում է The Daily Star–ը։

Էմինից բացի ցուցակի մեջ մտել են «պարսից արքայազն» Միրզա Աբու Թալիբ Խանը, Հնդկաստանում սոցիալ–կրոնական ռեֆորմատորական շարժման՝ Բրահմո Սամաջի հիմնադիրը` Ռաջա Ռամ Մոհան Ռոյը, անգլա–հնդկացի ճանապարհորդ, վիրաբույժ և գործարար Սաքե Դին Մահոմեդը։

Նշենք, որ Հովսեփ Էմինը հայ իրականության մեջ եղել է առաջին լուսավորիչը, որն ընդունել է 18–րդ դարի եվրոպական լուսավորչության գաղափարները և ակտիվորեն քարոզել դրանք։ Նա դեմ է եղել ճորտատիրությանն ու եղել է կառավարման հանրապետական ձևի կողմնակից։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: