01/12/2026

Կարագանդայի սպանության հետքերով. ղազախ քննիչները ժամանել են Հայաստան

Կարագանդայի սպանության հետքերով. ղազախ քննիչները ժամանել են Հայաստան

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության քննության շրջանակում երկու օպերատիվ–քննչական խմբեր մեկնել են ՌԴ, մեկ խումբ էլ աշխատում է Հայաստանում։

Կարագանդայում 23 տարեկան երիտասարդի մահվան պատճառ դարձած ողբերգական միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Զանգվածային ծեծկռտուքի մասին պատմել են Ղազախստանի ԱԳՆ–ում։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։ Աղբյուրի համաձայն` ռեստորանի հաճախորդները դժգոհել են, որ հաստատությունը փակվել է։ Դեկտեմբերի 31–ի, լույս հունվարի 1–ի գիշերը ռեստորանում մոտ 400 մարդ է եղել, այդ թվում` ռեստորանի տերերը և նրանց ազգականները։ Գիշերվա ժամը երեքից հետո այցելուներին հայտնել են, որ ռեստորանը փակվում է։

Դրանից հետո մարդիկ սկսել են վիճել, հետո վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ռեստորանում գտնվող այցելուներին դուրս են հանել, նրանք էլ կանչել են իրենց ընկերներին։ Ավելի քան 10 մարդ է եկել, որոնք սկսել են գոռգոռալով ներխուժել ռեստորան։

«Ռեստորանի տերը, աշխատակիցներն ու անձնակազմը միջոցներ են ձեռնարկել, և այդ հողի վրա զանգվածային ծեծկռտուք է սկսվել», – հայտնել է Ղազախստանի ներքին գործների նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը։

Ներկա պահին ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունեցած յոթ մարդկանց ձերբակալել են։ Մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ՆԳՆ–ում հաղորդել են, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցների դերակատարությունը կպարզվի։

Սուլեյմենովի խոսքով` Ամանորի գիշերը հանցագործության մեջ կասկածվող անձանց շարքում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։

Հայտնի է դարձել, որ հետախուզության մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հունվարի 1–ի երեկոյան անցել է Ղազախստանի Պավլոդարի շրջանի պահակակետով և մտել Ռուսաստանի տարածք։ Քննության շրջանակում երկու օպերատիվ–քննչական խմբեր ուղարկվել են ՌԴ, մեկ խումբ աշխատում է Հայաստանում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: