01/12/2026

Ռոբերտ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչ մյուսները, իսկ օրվա մեջ մեկ ժամ անցկացնում է մարզադահլիճում. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչ մյուսները, իսկ օրվա մեջ մեկ ժամ անցկացնում է մարզադահլիճում. պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ նախագահի հետ առնվազն մինչև երեկ որևէ տեսակցություն չէր թույլատրվում:

 
«Ընդհանրապես տեսակցության արգելք կա. բացի այն անձանցից, ում տեսակցությունն օրենքով ուղղակի չի կարելի արգելել, մնացած անձանց հանդիպումներն արգելված են»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում այսօրվա նիստին, ինչին պաշտպանն արձագանքեց, որ գրավն իբրև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստերը տեխնիկական են, և դրանց մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցության կարիք չկա, մանավանդ` եթե հայցը բավարարվում է, այնպես չէ, որ հենց դահլիճից բաց են թողնում:

Օրբելյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա՝ ինչ որոշում կկայացվի, հույս հայտնեց, որ այսօր ինչ-որ որոշում կլինի, ոչ թե կհետաձգվի նիստը: Հարցին` արդյո՞ք երկրորդ նախագահին սնունդ փոխանցելու հետ կապված խնդիրը շարունակվում է, պաշտպանը պատասխանեց.

«Առնվազն «Կենտրոն» ՔԿՀ-ն, կարծում եմ` մնացած քրեակատարողական հիմնարկներն էլ, հանձնուքների ընդունման գործընթացը չեն կազմակերպել կամ, ըստ էության, երկու օր են կազմակերպել`ամսի 29-ին և ամսի 5-ին, խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում»:

Օրբելյանը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահը պահվում է նույն պայմաններում, ինչպես մյուս անձինք` ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ստանդարտ սենյակներ են: Ռոբերտ Քոչարյանն, ըստ պաշտպանի, շարունակում է սպորտով զբաղվել, ունի հնարավորություն օրվա ընթացքում մեկ ժամ մարզադահլիճում անցկացնելու: Օրբելյանը նշեց, որ երկրորդ նախագահի սենյակի չափերն ուղղակի թույլ չեն տալիս սենյակի ներսում սպորտով զբաղվել:

Առկա խնդիրներին անդրադառնալով` նա նշեց, որ համակարգչի, տեքստի հետ աշխատելու ժամանակակից գործիքակազմի խնդիր կա. թեպետ արգելք չկա, որ անձը ՔԿՀ-ում ունենա համակարգիչ, աշխատի, բայց նաև դրա հնարավորությունը չկա: Օրբելյանն ասաց, որ երկրորդ խնդիրը տեսակցությունների արգելքն է: Նրա խոսքերով` տեսակցությունների արգելքն առնվազն ընտանիքի անդամների հետ սահմանազանցում է այն կարիքը կամ անհրաժեշտությունը, որը կա. դա, պաշտպանի գնահատմամբ, ոչ թե մեկուսացման խնդիր է, այլ պատժելու էլեմենտ, որը չի կարող տեղ գտնել ժամանակակից Հայաստանում:
 
shantnews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: